Դուք փորձությունների միջով անցնում եք հանդարտությամբ և հաստատակամությամբ. Սամվել Կարապետյանը շնորհավորել է Վեհափառին

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ 75-ամյա հոբելյանի առթիվ.

«Այս տարին առանձնահատուկ փորձությունների ժամանակաշրջան է դարձել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեզ համար։ Սակայն այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ, առանց չարությանը չարությամբ պատասխանելու, առանց Ձեր կոչումից ու առաքելությունից շեղվելու։

Փորձության պահին է առավել հստակ երևում մարդու հավատքի ուժն ու արժանապատվությունը։ Դուք այդ փորձությունների միջով անցնում եք հանդարտությամբ և հաստատակամությամբ՝ պահպանելով Հայոց Հայրապետի բարձր կոչմանը վայել կեցվածք։

Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի ինքնության, միասնության և հարատևության գլխավոր հենասյուներից մեկը։ Եվ այսօր Եկեղեցու արժանապատվությունն ու անկախությունը պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր հավատը, մեր պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը։

Վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը»։

 

Leave a comment