Պապոյանն այցելել է Կոտայքում գործող RARE WATER գործարան

Պապոյանն այցելել է Կոտայքում գործող RARE WATER գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 21-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ (RARE WATER)։ Շրջայցին մասնակցել է նաև Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը։ Ընկերության տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին և առկա հզորություններին։

 

Գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է, համապատասխանում է միջազգային չափանիշներին և հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ բնական աղբյուրի և հանքային ջրերի շշալցման համար։ Գործարանի և ընկերության կողմից պահպանվող հարակից տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 1,500 հա։ Արտադրական հզորությունը ժամում 24,000 շիշ է, իսկ աշխատակիցների թիվը՝ շուրջ 50։

 

Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է ավելի քան 40 մլն եվրոյի ներդրում՝ ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով։ Ընկերության արտադրանքն արտահանվում է Սաուդյան Արաբիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ և Շվեյցարիա։ Արտադրանքը համապատասխանում է արտահանման համար անհրաժեշտ միջազգային չափանիշներին և ունի համապատասխան հավաստագրեր։

 

Ընկերությունը նախատեսում է շարունակել ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում՝ դիվերսիֆիկացնելով արտահանման աշխարհագրությունը և մուտք գործելով նոր շուկաներ։

Leave a comment