Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության գծով ծախսերը կտրուկ աճել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ»  հիմնադրամը  վերլուծել  է  2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման  հաշվետվությունը։

Այսպես.

  • 2026թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով, սակայն աճի կառուցվածքը մտահոգիչ է. տնտեսական ակտիվության հիմնական շարժիչներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը, մինչդեռ գյուղատնտեսությունում գրանցվել է 11.9% անկում։ Առևտրի ոլորտի աճի տեմպը չափազանց ցածր է և գնալով դանդաղում է. հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է 0.9%՝ տնտեսական ակտիվության աճին նպաստելով ընդամենը 0.1 տոկոսային կետով։

Արտաքին առևտրի զարգացումներն էլ ավելի են խորացնում տնտեսական աճի կայունության վերաբերյալ մտահոգությունները։ Առաջին կիսամյակում դոլարային արտահայտությամբ արտահանումը նվազել է 6.7%-ով, ներմուծումը աճել է 4%-ով, մինչդեռ ներմուծման իրական ծավալը նվազել է 10.3%-ով։ Արդյունքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը վատթարացել է 21.6%-ով:

Հատկանշական է, որ 20.9%-ով կրճատվել է առևտրաշրջանառությունը ՀՀ ամենախոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ի հետ. նվազել են թե՛ ներմուծումը և թե՛ արտահանումը։ Ի դեպ, ՌԴ-ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում արտաքին առևտրի դինամիկան կարող է ավելի վատթարանալ։

 

  • ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասով արձանագրվել է բարձր կատարողական։ Առաջին կիսամյակում փաստացի եկամուտները կազմել են 1,643.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.7%-ով ավելի, իսկ ճշտված ծրագրի նկատմամբ կատարողականը կազմել է 106.0%։

Եկամուտների բարձր կատարողականն ինքնին չի կարող վկայել հարկաբյուջետային քաղաքականության բավարար արդյունավետության մասին, քանի որ դրանց գերակատարումը տեղի է ունեցել միաժամանակ պետական ծախսերի զգալի թերակատարման պայմաններում։

 

  • Պետական բյուջեի ծախսերի կատարողականը շարունակում է մնալ առավել խնդրահարույց ուղղություններից մեկը։ Առաջին կիսամյակում ընդհանուր ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է ընդամենը 83.2%. դրանք թերակատարվել են 317.4 մլրդ դրամով։ Թերակատարված գումարի զգալի մասը չորս նախարարությունների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով է՝ համապատասխանաբար 59.5 մլրդ դրամ, 58.9 մլրդ դրամ, 56.2 մլրդ դրամ և 42.2 մլրդ դրամ:

Արձանագրվել է կապիտալ ծախսերի խիստ ցածր կատարողական՝ ընդամենը 56.4%։ Ի դեպ, կապիտալ ծախսերը նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են՝ 28.3%-ով։

Լուրջ մտահոգության տեղիք է տալիս ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի ցածր կատարողականը, ինչը պարզապես առանձին ծրագրերի գծով պատահական կամ տեխնիկական շեղման խնդիր չէ, այլ վկայում է բյուջետային պլանավորման, ծրագրերի իրականացման և կառավարման արդյունավետության համակարգային խնդիրների առկայության մասին։ Ստացվում է, որ պետությունը նախատեսում է ծախսեր, սակայն չի ապահովում դրանց՝ ամբողջությամբ և ժամանակին իրականացումը՝ սահմանափակելով տնտեսական աճի, ենթակառուցվածքների զարգացման և պետական քաղաքականության հայտարարված առաջնահերթությունների իրականացման վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը։

Վերը նշված ռազմավարական կարևորագույն ծրագրերի գծով լուրջ թերակատարումների ֆոնին ծայրահեղ մտահոգիչ է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 41.9%-ով աճել են «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի գծով ծախսերը (հասնելով 2.7 մլրդ դրամի, կատարողականը՝ 91.4%)։ Այդպիսի աննախադեպ աճի հիմնական պատճառը, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող մի քանի խոշոր գործարարների հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ պետության՝ վերջին շրջանում լայն թափ ստացած հետապնդումներն են։

 

  • Բյուջեի եկամուտների գերակատարումը և ծախսերի թերակատարումը հանգեցրել են կանխատեսված պակասուրդի փոխարեն զգալի հավելուրդի ձևավորմանը։ 2026թ. առաջին կիսամյակի համար ճշտված ծրագրով նախատեսված 342.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն փաստացի արձանագրվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդ, այսինքն՝ բյուջեի կատարումը ծրագրից շեղվել է շուրջ 409.7 մլրդ դրամով։ Հատկանշական է, որ, չնայած առաջին կիսամյակի բոլոր վեց ամիսներին բյուջեն եղել է հավելուրդային, տարվա ընթացքում վերանայման արդյունքում նախապես ծրագրված պակասուրդն էլ ավելի է բարձրացվել, մինչդեռ փաստացի ծախսերը նույնիսկ հաստատված բյուջեի ցուցանիշից են պակաս եղել՝ 253.8 մլրդ դրամով։

2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության համաձայն` բարձր տնտեսական աճի և բյուջեի եկամուտների գերակատարման հետ մեկտեղ արձանագրվել են պետական ծախսերի զգալի թերակատարում ու բյուջեից զգալի շեղումներ։ Տնտեսական աճի կառուցվածքը, արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացումը, գնաճի պահպանվող ճնշումները, կապիտալ ծախսերի անկումը, ռազմավարական ծրագրերի ցածր կատարողականը և բյուջեի փաստացի հաշվեկշռի ծրագրից հսկայական շեղումը ցույց են տալիս, որ հիմնական անլուծելի խնդիրը շարունակում է մնալ ոչ այնքան ռեսուրսների առկայությունը, որքան պետական տնտեսական քաղաքականության և կառավարման արդյունավետության ապահովումը։ Առանց այս ուղղությամբ էական բարելավման՝ բարձր տնտեսական աճի և բյուջետային եկամուտների դրական ցուցանիշներն ինքնին չեն կարող վերածվել կայուն տնտեսական զարգացման որակական առաջընթացի։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=494։

 

Leave a comment