Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել


ՆԳՆ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 20-ին զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել Տավուշի մարզի գյուղերից մեկի 61-ամյա մի բնակչի։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։


 


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի 376 փամփուշտ, 12,5 մմ տրամաչափի փամփուշտի 87 գնդակ և «ԱԳՍ» տիպի նռնականետի նռնակ։


 


61-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։


Կատարվում է նախաքննություն։


 


Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու մասին օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև նույն գյուղի 32-ամյա բնակչի վերաբերյալ։


 


Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ավտոտնակում ապօրինի պահվող «ԱԿ» տեսակի ինքնաձիգ։


 


32-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։


 


Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:


 


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։


 

Leave a comment