2026 թվականին Եվրոպայում գազի գներն աճել են մոտ 120%-ով, իսկ պաշարների ցածր մակարդակն ու մատակարարումների խափանումների ռիսկերը մեծացնում են առաջիկա ձմռան ծախսերի աճի հավանականությունը, գրում է Euronews-ը։
Շոգ եղանակը մեծացրել է էլեկտրաէներգիայի պահանջարկը, մինչդեռ երաշտն ու բարձր ջերմաստիճանները նվազեցրել են հիդրոէլեկտրակայանների և ատոմակայանների արտադրությունը։ Արդյունքում գազային էլեկտրակայանների պահանջարկը աճել է հենց այն ժամանակ, երբ Եվրոպան պետք է համալրի ձմեռային պաշարները։
Հոլանդական TTF-ի ֆյուչերսները՝ Եվրոպայի գազային շուկայի հիմնական գնային ուղենիշը, տարվա սկզբից աճել են մոտ 120%-ով և հասել մոտ 63.7 եվրոյի մեկ ՄՎտ·ժ-ի դիմաց։ Թեև գները դեռ զգալիորեն ցածր են 2022 թվականի էներգետիկ ճգնաժամի ընթացքում գրանցված 350 եվրո առավելագույնից, Եվրոպան ձմռանը մոտենում է պատմականորեն ցածր պաշարներով։
Gas Infrastructure Europe-ի տվյալներով՝ օգոստոսի 1-ի դրությամբ եվրոպական գազապահեստարանները լցված էին ընդամենը 57.1%-ով՝ այդ ամսաթվի համար դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի նվազագույն մակարդակով։
Պաշարների համալրումը բարդացնում են նաև մատակարարումների խափանումները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի փաստացի փակ լինելը և Նորվեգիայի գազային հանքավայրերում աշխատանքների դադարեցումների երկարաձգումը։
Oxford Economics-ը սպասում է, որ եվրոպական գազի գների կանխատեսումը կարող է բարձրացվել մինչև միջինը մոտ 60 եվրո մեկ ՄՎտ·ժ-ի դիմաց 2026 թվականի չորրորդ և 2027 թվականի առաջին եռամսյակներում՝ ներկայիս 45 եվրո կանխատեսման փոխարեն։