Հունիսին 3 անչափահասներ եկեղեցու հարակից տարածքում հանդիպել են անչափահաս տուժողին, հարվածներ հասցրել նրան, քաշքշել մազերից, հնչեցրել հայհոյանքներ, այդ ամենը նկարահանել բջջայինով և տեղադրել համացանցում
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հունիսի 13-ին 3 անչափահասներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եկեղեցու հարակից տարածքում հանդիպել են անչափահաս տուժողին, որտեղ փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, քաշքշել մազերից, հնչեցրել հայհոյանքներ և այդ ամենը տեսանկարահանել բջջային հեռախոսով և տեղադրել համացանցում», – նշվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում 3 անչափահասի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Հուլիսի 21-ին հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ֆիզիկական բռնություն գործադրում, վիրավորական արտահայտություններ հնչեցնում մեկ այլ աղջկա նկատմամբ։ ՔԿ–ից հայտնել էին, որ միջադեպը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսին, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: