Գերմանիայի գետերում, հատկապես Հռենոսում, վերջին շոգերի հետևանքով ջրի մակարդակի զգալի անկումը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակի երկրի ՀՆԱ-ի աճը 2026 թվականի երրորդ եռամսյակում, կարծում են Բունդեսբանկի փորձագետները։
«Խոշորագույն գետերով բեռնափոխադրման երթուղիների սահմանափակ հասանելիությունը և փոխադրման ծախսերի կտրուկ աճը, ինչպես սպասվում է, էապես կսահմանափակեն արդյունաբերական արտադրությունը և կզսպեն արտահանման աճը»,— նշվում է կենտրոնական բանկի օգոստոսյան զեկույցում։
Եվրոպայում հերթական շոգի ալիքի ֆոնին Հռենոսում ջրի մակարդակի կտրուկ նվազումը խնդիրներ է առաջացրել բեռնատար նավերի երթևեկության համար։ Ջրային ուղիների և նավագնացության դաշնային վարչության (WSV) տվյալներով՝ Կոբլենց քաղաքի մերձակայքում գտնվող նեղ հատվածում նավարկելի խորությունը՝ նավի հատակի տակ մնացող ջրի պաշարը, կազմել է 12 սանտիմետր, ինչը ցածր է 2018 թվականին գրանցված նախորդ նվազագույն՝ 25 սմ մակարդակից։ Գետի իրական խորությունը նավարկելի խորությունից մոտ 1 մետրով ավելի է։ Այս պայմաններում նավերը ստիպված են նվազեցնել բեռնվածությունը՝ դժվարանցանելի հատվածը հաղթահարելու համար։
Արևմտյան Եվրոպայի զգալի հատվածում այս տարվա հունիսն ու հուլիսը դարձել են դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամիսները։
Գետերում ջրի ցածր մակարդակը կհանգեցնի մատակարարումների ուշացումների, ինչն էլ ավելի կխորացնի նյութերի պակասը, կբարձրացնի տրանսպորտային ծախսերը և կդանդաղեցնի արտադրությունը, կանխատեսում է Բունդեսբանկը։
«Սա էական ճնշում կգործադրի արդյունաբերական արտադրության ոլորտի վրա, որը նոր միայն սկսել է վերականգնվել»,— նշվում է զեկույցում։
Թեև Գերմանիայի տնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակում Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով էներգակիրների գների կտրուկ աճին ավելի դիմացկուն է գտնվել, քան սպասվում էր, երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը լավագույն դեպքում միայն փոքր-ինչ կաճի, կարծում են փորձագետները։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ-ն աճել է 0.4%-ով, իսկ երկրորդ եռամսյակում՝ 0.2%-ով՝ հիմնականում գերմանական արտահանման նկատմամբ բարձր պահանջարկի շնորհիվ։
Բունդեսբանկի զեկույցում նշվում է, որ արդյունաբերական հատվածում արտադրական հզորությունների ցածր օգտագործումը և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հունիսին տոկոսադրույքների բարձրացումը զսպող ազդեցություն են գործում կորպորատիվ ներդրումների վրա։ Միաժամանակ մասնավոր սպառումը սահմանափակվում է էներգակիրների բարձր գներով։
Միևնույն ժամանակ արտադրական պատվերների կայուն աճը, ինչպես նաև կառավարության խոստացած՝ պաշտպանության և ենթակառուցվածքների ոլորտներում ներդրումների ավելացումը, կշարունակեն աջակցել Գերմանիայի տնտեսությանը։
«Գերմանիայի տնտեսությունն ակնհայտորեն վերականգնման ուղու վրա է, և Մերձավոր Արևելքում պատերազմը չկարողացավ խոչընդոտել այդ գործընթացին»,— նշում են Բունդեսբանկում։