Թեկնածուների առաջադրման գործընթացը շարունակվում է

Քաղաքականություն

Թեկնածուների առաջադրման գործընթացը շարունակվում է

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման գործընթացը դեռ չի ավարտվել։ Այդ օրը ընտրություններ են նախատեսված  Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

Ըստ ԿԸՀ-ի՝  Ֆերիկ համայնքի  ընտրողների թիվը կազմում է 250, Լերմոնտովոյինը՝  725, Թումանյան համայնքինը՝  4953, իսկ Արզնիինը՝ 2344։

Սեպտեմբերի 27-ին կայանալիք մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների թեկնածուները (Լերմոնտովո, Ֆերիկ և Արզնի) գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ՝ մինչև ժամը 18։00-ը։

Այսինքն՝ փաստաթղթերի ներկայացման ժամկետը օգոստոսի 23-ից օգոստոսի 28-ն է՝ մինչև ժամը 18։00-ը։

 Լոռու մարզի Թումանյան համայնքում, որտեղ ավագանու ընտրությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով, կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն  օգոստոսի 13-ից օգոստոսի 23-ն է՝ մինչև ժամը 18։00-ը։

Նշենք՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 104.1-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները՝ համամասնական ընտրակարգով։

Օրենսգիրքը սահմանում է նաև ավագանու անդամների թիվը։ Թումանյան համայնքի ավագանին բաղկացած կլինի 15 անդամից(4001-ից 10.000 ընտրող ունեցող համայնք), Արզնիինը՝ 9 անդամից(2001-ից 4000 ընտրող ունեցող համայնք), իսկ Լերմոնտովոյինն ու Ֆերիկինը՝ 5-ական անդամից(մինչև 1000 ընտրող ունեցող համայնք)։

Leave a comment