Քաղաքականություն
21.08.2026 | 13:58
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների միաձայն որոշմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) ՏԻՄ ընտրություններում հաստատվել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է Լոռի Բերդ համայնքը։
«Արայիկ Ներսիսյանի թեկնածության հաստատումը համայնքի հետագա զարգացման, արդյունավետ կառավարման և շարունակական ծրագրերի իրականացման ուղղությամբ վստահության դրսևորում է»,- ասված է համայնքի պաշտոնական էջում։
Նշենք, որ Արայիկ Ներսիսյանը Լոռի Բերդ խոշորացված համայնքի առաջին և միակ ղեկավարն է։
Համայնքը խոշորացվել է 2017 թվականին, և հենց այդ ժամանակվանից նա անընդմեջ ղեկավարում է այն՝ հաղթելով տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններում։ Մինչև խոշորացումը նա շուրջ 20 տարի եղել է համայնքի կազմի մեջ մտնող Կողես գյուղի ղեկավարը։