Հասարակություն
21.08.2026 | 13:31
Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա դադարեցվել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող 3100 քմ հողատարածքի վարձակալության իրավունքը։ 21 մլն 186 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր հասցեագրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2004 թվականի դեկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև կնքված՝ բացարձակ նիշից ցածր տարածքում գտնվող 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և ֆիզիկական անձը համատեղ դիմում են ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:
Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է:
21 միլիոն 186 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։