Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա


Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու հակամարտության կարգավորման շուրջ, «Ուկրինֆորմ»-ին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը «պատրաստ է նստելու բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմին, խոսել ռուսների հետ և ապացուցել իր փաստարկները»:


Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունները ներկայումս դադարեցված են, նաև ընդգծել է, որ Կիևն ակնկալում է ամերիկացի բանագնացների այց, որպեսզի բանակցային գործընթացը տեղից շարժվի:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու Ուկրաինայի հետ՝ հիմնվելով Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է հաշվի առնեն Անքորիջում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, շփման գծում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի կողմից նախկինում առաջադրված պայմանները։


Օգոստոսի սկզբին պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Կրեմլից արձագանքել էին, որ դրանք շարունակելու հարցում պայմանավորվածություններ դեռ չկան, բայց Ռուսաստանը բաց է երկխոսության համար։  

Leave a comment