Դեռ հուլիսին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով բերքի իրացման հետ կապված իրավիճակին, իր ճեպազրույցներում նշել էր, որ կառավարությունը, մեծ հաշվով, լուծել է խնդիրը. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մեկ կիլոգրամ լոլիկ դաշտում չի մնա»: Ապա արգելել էին տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, եւ պահածոների գործարանները 40-60 դրամով պոմիդոր են մթերում: Համարվեց, որ դրանով «լուծվել» է լոլիկի խնդիրը:
Հերթը հասել է դեղձին, որի բերքն այս տարի այնքան առատ է, որ գյուղացին Աստծո տված բարիքի ձեռքը կրակն է ընկել: Երեկ Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել էին Արմավիր-Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի մթերքի իրացման խնդիրներին։ Գյուղացիներին հանդիպել է մարզպետը, խոստացել, որ կխոսի չրագործների հետ, եւ հարցին լուծում կտրվի:
Հացիկ գյուղի բնակիչներն էլ բողոքում էին, որ իշխանությունն անտարբեր է սեփական ժողովրդի նկատմամբ։ «2 ամիս է՝ մեր կառավարությունը գիտի, որ Հայաստանից ոչ մի բան չի արտահանվում Ռուսաստան, բայց, իմանալով հանդերձ, ոչ մի քայլ չի ձեռնարկում: Այս պահին հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։ Բերքը ծառերի վրա հասել է, նոր մտածում են, թե ինչով օգնեն մեզ: Երեկ մարզպետը հազիվ տեղից շարժվեց, եկավ մեզ հետ հանդիպման: Նոր խոսում է, որ բերքը չրագործները կտանեն, բայց ո՛չ հստակ գինն են ասում, ո՛չ էլ չրագործների հետ են խոսել: Ուղղակի եկավ, օդի մեջ խոստում տվեց, որ ճամփան բացենք: Էսօր պետք է չրագործների հետ պայմանավորվեն, այն էլ հարց է՝ չրագործները կհամաձայնե՞ն, թե՞ ոչ: Մինչեւ խնդրին լուծում տան, դեղձը ծառի տակ չիր կդառնա»,- մեզ հետ զրույցում ասաց Հացիկ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արտյոմը, որի այգում դեղձը հասել ու ծառերի տակ է թափվում:
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեր զանգերին չպատասխանեց: Կա՞ հստակ պայմանավորվածություն, եւ գյուղացու բերքի իրացման հարցը լուծվե՞ց՝ հարցրինք Հացիկ համայնքի վարչական ղեկավար Արթուր Եղիազարյանին։ «Ոնց պայմանավորվել են, ուժի մեջ է` բերքը տան չրագործներին»: Իսկ ի՞նչ գնով են չրագործները վերցնում բերքը գյուղացուց։ «Չեմ կարող ասել գին, դե, ասել են՝ նորմալ կլինի, ասել են՝ 150-200 դրամ»:
Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: