Micron-ի ղեկավարը կանխատեսել է հիշողության չիպերի երկարաժամկետ պակաս և հայտարարել բաժնետոմսերի հետգնման մասին

Micron ընկերության գլխավոր տնօրեն Սանջայ Մեհրոտրան հայտարարել է արհեստական բանականության զարգացման ֆոնին հիշողության չիպերի նկատմամբ պահանջարկի աննախադեպ աճի մասին և, ինչպես հաղորդում է CNBC-ն, հայտարարել բաժնետերերին կապիտալի լայնածավալ վերադարձի ծրագրի մասին։ Վերջերս տված հարցազրույցում կորպորացիայի ղեկավարն ընդգծել է, որ կիսահաղորդիչների շուկայում ներկայիս ցիկլը կառուցվածքային առաջարկի պակասի և հաճախորդների հետ երկարաժամկետ պայմանագրերի պատճառով էապես տարբերվում է նախորդներից։

Ղեկավարի խոսքով՝ ոլորտը բախվել է արտադրական հզորությունների սուր պակասի, իսկ 2027 թվականին մատակարարումների իրավիճակն ավելի լարված կլինի, քան 2026-ին։ Շուկայի պահանջարկը բավարարելու համար Micron-ը նախատեսում է մինչև 2035 թվականը 250 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում նոր գործարանների կառուցման մեջ` ներառյալ Այդահոյում և Նյու Յորքում գտնվող արտադրական ձեռնարկությունները։ Այդ նպատակով պետական ֆինանսավորման շրջանակում ընկերությանը հատկացվել է նաև 6.2 մլրդ դոլար։

Գերարտադրության ռիսկերից պաշտպանվելու համար արտադրողը կնքում է բազմամյա ռազմավարական համաձայնագրեր․ հունիսի վերջին արդեն ստորագրված էր նման 16 պայմանագիր, իսկ դրանից հետո դրանց թիվը շարունակել է աճել։

«Հիշողությունը դարձել է արհեստական բանականության զարգացման առանցքային գործոն, պահանջարկը երկարաժամկետ բնույթ ունի և ընդգրկում է տվյալների մշակման կենտրոնները, սպառողական շուկաները, արդյունաբերական ավտոմատացումն ու ռոբոտաշինությունը», – նշել է Մեհրոտրան։

Պատմականորեն հիշողության չիպերի ոլորտը բնութագրվել է բարձր տատանողականությամբ, սակայն այժմ առաջատար ընկերությունները` ներառյալ Micron-ը, Samsung-ը և SK Hynix-ը գրանցում են ռեկորդային ֆինանսական ցուցանիշներ։ Ամերիկյան ընկերության ազատ դրամական հոսքը երրորդ ֆինանսական եռամսյակում հասել է 17.5 մլրդ դոլարի, իսկ 2026 ֆինանսական տարվա արդյունքներով ակնկալվում է մոտ 50 մլրդ դոլարի մակարդակում։

Դեկտեմբերի սկզբին ավարտվում է բաժնետոմսերի հետգնման երկամյա արգելքը, որը կապված էր պետական սուբսիդիաների ստացման հետ, որից հետո կորպորացիան մտադիր է ավելցուկային միջոցներն ուղղել ներդրողներին։ Փորձագետները ենթադրում են, որ 2027 ֆինանսական տարում` կանխատեսվող 124 մլրդ դոլարի դրամական հոսքի պայմաններում ընկերությունը կարող է հետ գնել իր շուկայական կապիտալիզացիայի մոտ 10%-ին համարժեք բաժնետոմսեր։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment