Քաղաքականություն
21.08.2026 | 11:17
Ազգային ժողովի նիստում ընդդմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հանձնաժողովների երեք նախագահների չընտրվելու պատճառներին, խորհրդարանի բնականոն գործունեության ձգձգմանն ու իշխող ուժի առաջադրումների իրավականությանը:
Պատգամավորն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովների նախագահների չընտրվելն ու հարցի վերաքննարկումը խոչընդոտում են խորհրդարանի բնականոն աշխատանքին։
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարզապես քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել Ազգային ժողովի աշխատանքները և Ազգային ժողովի բնականոն գործունեությունը»,- ասաց նա։
Ղազարյանը կարևորեց խորհրդարանի կողմից գործադիր մարմնին վերահսկելու գործառույթը, ինչը, ըստ նրա, տապալվում է իշխող խմբակցության որոշումների պատճառով․ «Բա Կառավարությունը պիտի գա, որ մենք աշխատենք, բա մենք էդ Կառավարությանը պիտի վերահսկենք»։
Անդրադառնալով վարչապետի խորհրդարան այցելելու հարցին՝ պատգամավորը հայտարարեց. «Ես անհամբեր եմ իրա (Նիկոլ Փաշինյանի-խմբ․) հետ իմ հանդիպմանը, թե դուք ինչի չեք ուզում էդ մարդը գա ստեղ, չեմ հասկանում»։
Նա նշեց, որ իշխանության ներկայացուցիչները, չընտրելով թեկնածուներին, փաստացի խափանում են վարչապետի մուտքն Ազգային ժողով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան