Իրականում, Թրամփի վարչակազմը կարողացավ Հարավային Կովկասում իրականացնել մի բան, որ 1991-ից ի վեր ամերիկյան ոչ մի ուրիշ վարչակազմի չէր հաջողվել գործարկել: Խոսքը Հարավային Կովկասի ե Մերձավոր միջանցքի տարածքով Կենտրոնական Ասիան Եվրոպային, ինչպես նաեւ Հայաստանը առեւտրի միջազգային պաշարների ցանցի հետ ինտեգրելու հեռանկարին է վերաբերում: Նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի Վաշինգտոնի համար, որովհետեւ այն ստեղծում է տրանսպորտի եւ հաղորդակցությունների անխափան ուղիներ, որոնք շրջանցում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: Գաղափարը ինքնին նոր չէ անշուշտ, բայց այն երբեք իրագործման ներկա փուլին չէր հասել:
Ներկայիս, TRIPP նախագծի գործադրումը բարդացնող հիմնական գործոնները երկուսն են` երկաթուղիների հարցը եւ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները: TRIPP-ը ամերիկյան ռազմավարական մի ծրագիր է, որը Իրանի սահմանին շատ մոտիկ է, իր հնարավոր ազդեցությունների բոլոր ենթատեքստերով, որոնք կարող են որոշակի մտահոգություններ պատճառել նաեւ ամերիկյան կողմին, հատկապես հարաբերությունների խիստ լարվածության ներկա փուլում, ինչը կարող է դանդաղեցնել գործընթացի իրականացումը:
Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե TRIPP-ը չկայանա տարբեր պատճառներով, որոնք կախված են տարածաշրջանում ընթացող զարգացումներից, ինչպես օրինակ` ԱՄՆ-Իրան լայնծավալ պատերազմ, Մ. Նահանգների ներսում քաղաքական խլրտումներ կամ այլ խնդիրներ: Ի՞նչ է պատահելու, մասնավորապես Հայաստանին, եթե նախագիծը չիրականանա:
Ադրբեջանը քանիցս կրկնել է եւ շարունակում է պնդել, որ անկախ ամեն ինչից, ցանկանում է անմիջական, ուղիղ կապ հաստատել Նախիջեւանի հետ, եւ Հայաստանը պետք է այդ կապի միջանցքը տրամադրի իրեն, այլապես ամերիկյան նախաձեռնությունը չի կարող իրականություն դառնալ:
Երկրորդ հնարավոր սցենարն այն է, որ Ռուսաստանը դառնա միջնորդ այդ գործընթացին` համաձայն 2020 թվի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, որտեղ Ռուսաստանը Ադրբեջանին վստահեցնում է իրականացնել այդ կապը ՀՀ տարածքով եւ ապահովել Ադրբեջանի անվտանգությունը:
Անշուշտ այլ միջնորդներ եւս կարող են հայտնվել: Պետություններ՝ որոնք կարող են ազդեցություն բանեցնել Հայաստանի կամ Ադրբեջանի վրա, օրինակ` Թուրքիան կամ Չինաստանը, որոնք որպես միջնորդ պատրաստ կլինեն իրագործել ծրագիրը, եթե Մ. Նահանգները ինչ-ինչ պատճառներով չկարողանա ինքը կարճ ժամկետում գործարկել այն:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
The Armenian Mirror-Spectator
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: