«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանին» հասանելիք հանձնաժողովների նախագահներին ընտրել-չընտրելու թեմայով ՔՊ խմբակցությունն իր փակ նիստում նախօրեին քվեարկություն է արել։ Ասում են՝ այնպես չէ, որ բոլորը չընտրելու կողմնակից են եղել։ Ե՛վ ընտրելու, ե՛ւ չընտրելու օգտին ելույթներ են եղել, հետո յուրաքանչյուր թեկնածուի մասով առանձին քվեարկություն են արել, բայց չընտրելու կողմնակիցները գերակշռել են, եւ քաղաքական որոշում է կայացվել։

ՔՊ-ականներն ասում են՝ օրենքի պահանջ է, պարզ է, որ պետք է ընդդիմությունը հանձնաժողովներ ղեկավարի, բայց հո հենց առաջին անգամից չե՞ն ընտրվելու։ Երեւի համարում են, որ այս եղանակով «հնազանդեցնում» են «Ուժեղ Հայաստանին»՝ ստիպելով, որ մի քանի անգամ թեկնածու առաջադրեն, նորից ու նորից ելույթներ ունենան, այդ հանձնաժողովների եւ թեկնածուների հետ կապ չունեցող տասնյակ հարցերի պատասխանեն։ Որոշել են «տանել-բերել», մի քանի անգամ չընտրել, հետո վերջում կա՛մ ընտրել, որ օրենքի պահանջը կատարված լինի, կա՛մ ընդդիմությունը հոգնի ու հրաժարվի այս գործընթացին մասնակցելուց։ Սակայն, եթե օրենքը պահանջում է, որ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները ղեկավարեն ընդդիմության ներկայացուցիչները, պետք է առանց առարկության ընտրեին ընդդիմության թեկնածուներին, քանի որ իրենք հանձնաժողովների նախագահների պաշտոնի «պլանկան» այնքան են գցել, որ դրանց նախագահներ են ընտրվել Լուլուն, Տրդատ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ այլք:

Թե այս խորհրդարանական ներկայացման քանի սերիա է նախատեսել Նիկոլ Փաշինյանը, դեռ հայտնի չէ։ Այս գործընթացի իմաստը կարող է լինել այն, որ հանրությանը ցույց տան` կարող ենք ընտրել, բայց չենք ընտրում, երբ ուզենք, այն ժամանակ կընտրենք։ Նաեւ այն, որ նման շոուներով զբաղեցնեն մարդկանց, մինչեւ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի հանձնումը հորով-մորով անի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a comment