Կոմոյում քաղաքապետի վրաերթից հետո հեծանվորդներին կարգելեն երթևեկել քաղաքի կենտրոնով

Բաժանորդագրվել

Քաղաքապետը չի թաքցնում, որ իր հետ տեղի ունեցած միջադեպն է ազդել քաղաքային իշխանությունների որոշման վրա:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իտալական Կոմո քաղաքում սեպտեմբերից հեծանվորդներին կարգելվի հեծանիվ վարել պատմական կենտրոնի մոտ 30 փողոցներով: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ քաղաքապետ Ալեսանդրո Ռապինեզեին վրաերթի է ենթարկել հեծանվորդը։ Տեղեկությունը հայտնում է «Messaggero» թերթը:

Սահմանափակումները կտարածվեն նաև էլեկտրական հեծանիվների վրա։ Փողոցներում, որտեղ կգործի արգելքը, հեծանվորդները ստիպված կլինեն իջնել և շարունակել ճանապարհը ոտքով։

Նոր կանոնները դժգոհություն են առաջացրել բնակիչների և հեծանվորդների շրջանում: Ակտիվիստները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով վերացնել սահմանափակումները, իսկ որոշ հեծանվորդներ մտադիր են ցուցադրաբար խախտել արգելքը՝ ի նշան բողոքի։

Ինքը՝ Ռապինեզեն, չի թաքցնում, որ իր հետ տեղի ունեցած միջադեպն է ազդել քաղաքային իշխանությունների որոշման վրա։

«Ինձ մեղադրում էին այս որոշումը կայացնելու մեջ, քանի որ էլեկտրական հեծանիվը հարվածեց ինձ։ Մարդիկ գործում են սեփական փորձից ելնելով, և ես զգացել եմ, թե ինչ է նշանակում վրաերթի ենթարկվել այդ գազանների կողմից», – հայտարարել է քաղաքապետը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսին՝ քաղաքապետարանի շենքի մոտ։ Ռապինեզեն դուրս էր գալիս քաղաքի կենտրոնում երթևեկությունը սահմանափակելու միջոցառումներին նվիրված խորհրդակցությունից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել հեծանվորդը: Թերթի տվյալներով՝ վերջինիս ինքնությունը դեռևս չի պարզվել։

Սահմանափակումները կվերաբերեն ոչ միայն սովորական հեծանվորդներին, այլև առաքիչներին ու խանութների տերերին, որոնք ստիպված կլինեն վերանայել ապրանքների առաքման կարգը:

Չնայած քննադատությանը՝ Ռապինեզեն մտադիր չէ հրաժարվել որոշումից։

Leave a comment