«Առանց ծառայողական քննության` ԶՈՒ կադրային փոփոխություններն անթույլատրելի են»․ Տիգրան Աբրահամյան

«Երբ ասում են բարեփոխում, գոնե բովանդակային առումով պիտի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Եթե բարեփոխումների ռազմավարությունը ռազմական ոստիկանության պետի պաշտոնում այլ համակարգից մարդու նշանակումն է, չեմ ընդունում։ Երբ ասում են՝ Պապիկյանը հանկարծակի այցեր է իրականացնում, նույնիսկ հանկարծակի այցերը տասնամյակներով՝ որպես այդպիսին, մարտական նախապատրաստության պլանում նախատեսված միջոցառումներ են։ Եթե իրենք առաջին անգամ են հանկարծակի այցի գնում, շատ վատ է, դա ցույց տալ՝ որպես բացառիկ երևույթ, առնվազն մասնագիտական շրջանակների աչքում փոփոխություն չի ընկալվում»,-ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով բանակում դժբախտ պատահարներին, ինքնասպանություններին, խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Հիմնական խնդիրը, որ իր առաջ դնում է իշխանությունը, ողբերգության այդ կամ հաջորդ օրը կադրային փոփոխություններ անելն է։ Բոլորը խոսում են պատասխանատվության մասին, բայց տարրական բաներ կան, որ պիտի իրականացվեն․ օրինակ՝ ծառայողական քննություններն են։ Մինչև դա չլինի, չիմանանք՝ ում պատասխանատվության դաշտում է եղել, առանց դրա որևէ որոշման կայացումն անթույլատրելի է»։

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment