Սա ռիսկ է 250 հազար հայաստանցիների համար. պատգամավորը՝ ՌԴ արտահանումը սահմանափակելու մասին

Բաժանորդագրվել

Պատգամավորի խոսքով՝ իր գնահատականը վերաբերում է ֆերմերներին և գյուղատնտեսության ու հարակից ոլորտներում աշխատող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները կարող են ռիսկեր ստեղծել երկրի 250 հազար բնակիչների համար։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ իր գնահատականը վերաբերում է ֆերմերներին և գյուղատնտեսության ու հարակից ոլորտներում աշխատող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

«Հիմա հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել, թե ով և ինչ ծավալով վնասներ կկրի, բայց մի քանի ամսից հետևանքները տեսանելի կլինեն», – հայտարարեց Ֆարմանյանը:

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment