Կուրղինյան փողոցում փտած ծառը ընկել է 3 մեքենաների վրա՝ կոտրելով նաեւ գազատար խողովակը. Shamshyan

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի թիվ 3-րդ շենքի մոտ ծառի մի հատված կոտրվել ու տապալվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները, չսպասելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ժամանմանը, իրենք հատուկ էլեկտրական սղոցով մասնատել են ծառը և տեղափոխել։

Ծառի տապալման հետևանքով վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոցներ և կոտրվել է գազատար խողովակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»,  «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում վերացրեցին վթարը։

 

Leave a comment