«Որ Գյումրին մաքրել են, ամեն ինչ լավ է եղել, ինչո՞ւ են 164 հոգի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց»․ Էդգար Բաղդասարյան

Գյումրիի ավագանու այսօրվա նիստում թեժ քննարկում տեղի ունեցավ քաղաքի սառցակալած փողոցները մաքրել-չմաքրելու թեմայով։ Ավագանու ՔՊ-ական անդամները քննադատեցին քաղաքային իշխանությանը պատշաճ աշխատանք չկատարելու համար։

Քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը սակայն չհամաձայնեց՝ պնդելով, որ Գյումրիում նույնիսկ գիշերը 3-ին ձնամաքրման աշխատանքներ են տարվել, անձամբ ինքն է վերահսկել, տեղումները էլ այնքան առատ են եղել, որ երեք ամսվա համար գնված 40 տոննա աղն արդեն սպառվել է։ Նա նաև նշեց, որ ի տարբերություն Հայաստանի այլ տեղանքների, որտեղ աշխատանքներ չեն տարվել, Գյումրիում առատ տեղումների ժամանակ մշտապես աշխատել են, քաղաքը մաքուր է եղել։
Ավագանու ՔՊ-ական անդամ Էդգար Բաղդասարյանը թվեր հրապարակեց, թե քանի հոգի են կոտրվածքներ ստացել հունվար-փետրվար ամիսներին։

«Որ ամեն ինչ մաքրվեց ու լավ է եղել, մի փաստ արձանագրենք, այս տարի հունվար և փետրվար ամիսներին ունեցել ենք 164 հոգի, ովքեր վնասվածքով տեղափոխվել են պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ, որից 22-ը մանկահասակ երեխաներ են եղել։ Էս ո՞նց կբացատրեք»,- հարցրեց Էդգար Բաղդասարյանը։

Ավետիս Առաքելյանը հետաքրքրվեց, թե համեմատե՞լ են մյուս տարիների հետ։ Ավագանու անդամն ասաց, որ համեմատել են, ու այս տարի շատ է եղել կոտրվածք ստացողների թիվը։

«Նախ առողջություն եմ ցանկանում բոլորին, այս տարի շատ առատ ձյուն եղավ, ու քաղաքում ամբողջովին մաքրություն է տիրել, ժամ ու ցերեկ չենք ունեցել, գիշերը 3-ին․ առավոտյան 8-ին անձամբ ես եմ դուրս եկել, բոլոր մաքրողները, բրիգադները, տեխնիկան, որը ձեր իշխանությունն էլ կարող է փաստել, որ թույլ է լիարժեք մաքռություն իրականացնելու համար, դուրս են եկել։ Ես ձյան այսքան առատ գալու ընթացքում չեմ տեսել մի քաղաք, որ ձյուն մաքրեն, թափեն քաղաքի տարբեր հատվածներից»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

Էդգար Բաղդասարյանը տեղից արձագանքեց՝ «Կիրովականը», որին Ավետիս Առաքելյանը պատասխանեց․ «Չեմ տեսել, չեմ նկատել, ոչ մի բան էդպես չեմ տեսել, բայց էս քաղաքում ձյունը եկել է, մաքրություն է տիրել, ձյունը բարձել, տարել, թափել են, մաքրել ու մաքրվել են։ Ծավալները մեծ են, քաղաքը մեծացել է, առաջվանը չէ, արդարացի չէ ասել, թե քաղաքը չի մաքրվել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Էդգար Բաղդասարյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment