Որդին դուրս եկավ կալանքից, հայրը մնաց բանտում․ Գրիգորյանների գործով նոր շրջադարձ. Hraparak

Hraparak.am-ը գրում է․ Մեր տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր փոխել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ Կամո Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան կալանավայրից տեղափոխելով տնային կալանքի։ Կամո Գրիգորյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում էր օգոստոսի 20-ին։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի ավագ որդին հունիսին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին։ Նա մոտ մեկ տարի գտնվել էր հետախուզման մեջ՝ Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ 2025 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած միջադեպի և հնչած կրակոցների գործով։ Նրա նկատմամբ դատարանը կիրառել էր երկամսյա կալանք։

Քրեական վարույթը հարուցվել էր մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Ուշագրավ է, որ մինչ Կամո Գրիգորյանի նկատմամբ կալանքը փոխարինվում է տնային կալանքով, նրա հայրը՝ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, շարունակում է մնալ կալանքի տակ։ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել էր օգոստոսի 13-ին, իսկ օգոստոսի 14-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց երկամսյա կալանք։

Մարտուն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Նա մեղադրանքը չի ընդունում և հայտարարում է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Այսպիսով, հայրն ու որդին այլևս նույն «Արմավիր» ՔԿՀ-ում չեն լինելու․ որդուն տուն են ուղարկում, իսկ մինչդեռ հայրը շարունակելու է մնալ կալանքի տակ։

Leave a comment