ԱԺ նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ այժմ էլ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են առաջադրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանին։
Տեղեկացրել ենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուները Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովում (Հայկ Ֆարմանյան), տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովում (Դավիթ Ղազինյան), Եվրոպական ինտեգրման հարցերի (Արեգա Հովսեփյան) մշտական հանձնաժողովում չեն ընտրվել։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այս առիթով հայտարարեց․ «Քանի որ ԱԺ մշտական հանձնաժողովներում նախագահների՝ մեր առաջադրած թեկնածուները չեն ընտրվել, կարծում եմ՝ խնդիրը նաև այն է, որ ժամանակ չի եղել խորը և համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են մեր թեկնածուները։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որ ամբողջությամբ օգտվելու ենք ելույթների հնարավորությունից, որ հանդես գանք հայտարարություններով և հարցերով»։
Այս առիթով այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Բաբկեն Թունյանը հարցրեց․ «Այս գործելաոճը կարելի՞ է համարել՝ պայմանական ասած՝ վրեժխնդրություն ձեր թեկնածուներին չընտրելու համար, որ մինչև հոկտեմբեր մնանք ԱԺ նիստերի դահլիճում»։ Լիանա Մանուկյանին ներկայացնող «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն արձագանքեց, «Նույն հաջողությամբ ես կարող եմ ձեր խմբակցությանը հարց ուղղել՝ վրեժխնդրություն չէ՞ ընդդիմության հանդեպ, որ երեք հանձնաժովի նախագահի չեք ընտրել»։
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն էլ այս առիթով ասաց․ «Կիսելով մեր ընդդիմադիր գործընկերների ոգևորությունը նիստերին մասնակցելու առումով՝ այսօր մենք կարող ենք նիստ ավելացնել և երկար աշխատել հանուն մեր երկրի բարօրության»։ Հայկ Ֆարմանյանն էլ իր հերթին ասաց․ «Մեծ սիրով կարող ենք նիստերը շարունակել մինչև գիշերվա ժամը 03:00-ը, մենք խնդիր չունենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: