Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա եւ 66/1 հանրակացարային մասնաշենքերի բնակիչներն այսօր դարձյալ բողոքի ցույց են արել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վթարային շենքերից անհապաղ տարհանել իրենց եւ ապահովել բնակարաններով։ Վարդաշեն թաղամասի այս հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերը ճանաչված են 4-րդ կարգի վթարային եւ ոչ պիտանի բնակության համար։ Այստեղ հիմնականում ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ եւ փախստականներ։
Բնակիչների խոսքով՝ կառավարությունը յուրաքանչյուրն ընտանիքի առաջարկում է 7 մլն դրամ փոխհատուցում, բայց այդ գումարով հնարավոր չէ բնակարան գնել անգամ մարզերում։
Այսօրվա ցույցի ժամանակ իրավիճակը լարվեց, բնակիչներից մեկն ապտակեց ոստիկանի, նրան ուժով բերման ենթարկեցին։
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց վարդաշենցիների խնդրի մասին։
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Եթե ասում են՝ 7 մլն դրամը քիչ է, բա ինչքա՞ն տանք, պետությունը պարտավորություն չունի իրենց նկատամամբ։ Այո, հանրապետությունում կան տեղեր, որտեղ կարելի է 7 մլն դրամով գույք ձեռք բերել կամ կեցություն ապահովել»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցից հետո վարդաշենցիները հայտարարեցին, որ պետությունը պարտավոր է իրենց բնակարանով ապահովել։ «Ի՞նչ է նշանակում՝ պետությունը պարտավոր չէ ժողովրդին տնով ապահովել, ինչ էլ տալիս ենք, թող գոհ լինեն։ Այսինքն՝ 20 հազար դոլարով մենք պիտի կարողանանք տուն գնե՞լ։ Եթե իրենք կարողանում են այդ 20 հազար դոլարը տալ, թող այդ 20 հազարի փոխարեն մեր տները առնեն, տան մեզ, մենք էլ բոլորով գնանք բնակվենք։ Իսկ ո՞վ է ասել, որ պետությունը պարտավոր չէ, բա այսքան մարդ աշխատում է, պետությանը հարկ է վճարում։ Այստեղ բոլորն անապահով խավ են, ասում են՝ թող վարկ վերցնեն, իսկ ո՞վ ասաց, որ այսքանին վարկ են տրամադրելու։ Եթե կարողանայինք վարկ վերցնել, կվերցնեինք, տունը կառնեինք, ինչո՞ւ էինք գալիս այստեղ, մի հատ էլ լավ ու վատ լինում, ոստիկանների հետ բախումներ ունենում, վիրավորական խոսքեր լսում կամ ասում»,- նշեցին նրանք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ.Գ.- Հիշեցնենք, որ օրեր առաջ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 179 մլն դրամ հատկացվեց «Վարչաֆեստ» միջոցառման համար:
Հ.Գ.1- Ի դեպ, 2016 թվականին «նախկին իշխանությունների» օրոք մեկ այլ վթարային շենքի բնակիչների հարցին այլ լուծում է տրվել, կարդացեք այստեղ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: