Հայկ Կոնջորյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցությունն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները

Քաղաքականություն

20.08.2026 | 15:00

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթություններն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները։

«ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակումն ու մասնագիտական աջակցությունը։ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբը։

Հյուրի խնդրանքով Հայկ Կոնջորյանը խոսել է նորընտիր խորհրդարանի օրենսդրական աշխատանքներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունների մասին, անդրադարձել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։

Ալեքսանդրա Քոուլը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Դեսպանը ևս ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment