Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ինչո՞ւ է դժգոհ դատաիրավական համակարգից ու դատավորներից, իր ո՞ր ասածը դատավորները չեն կատարել։ Որպես օրինակ բերվեց Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թեւանյանի վերաբերյալ գործերը։
«Իսկ ո՞վ է ասել, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ, ինչո՞ւ է եղել ազատության մեջ։ Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ, ես պրոբլեմ եմ տեսնում, որ 8 տարի եղել են ազատության մեջ։ Եվ իրենց՝ ազատության մեջ լինելու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Հենց այստեղ է պրոբլեմը, որ շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ՝ մեր դատաիրավական համակարգը շատ դեպքերում եւ շատ հաճախ վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է։ Բայց այստեղ կա մի ֆունդամենտալ պրոբլեմ՝ դա այդպես է սահմանադրական կարգավորումների բերումով, որովհետեւ հենց այդպես էլ նախագծված է համակարգը, որ ինքը ոչ թե ծառայի ժողովրդին, այլ ծառայի վերնախավին»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այս հարցն առանց նոր Սահմանադրության ընդունման հնարավոր չի լինելու լուծել։
Անդրադառնալով Ծառուկյանի գույքը խլելու մասին հարցերին՝ Փաշինյանն ասաց․ «Երբ ասում են՝ գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Գագիկ Ծառուկյանին եւ իրեն պաշտպանողներին, որովհետեւ դա այն գործն է, որն իրենք երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում հասցրել են պրոֆեսիոնալ մակարդակի։ Եվ բոլոր այդ դեպքերը պետք է հասցեագրվեն։ Այսօր ասում են՝ քաղաքական հետապնդում, ես հակառակն եմ ասում, որ տասնյակ տարիներով եղել է քաղաքական չհետապնդում, որովհետեւ մաֆիոզ կապերով իրենք նույնիսկ մեր իշխանության տարիներին որտեղ ինչ հարց ուզել են, լուծել են։ Հիմա ընտրություններով ժողովրդի պահանջը հստակ ձեւակերպվել է, եւ, այո, ժողովուրդը պահանջում է, եւ ժողովրդի պահանջը պետք է իրագործվի։ Եվ կառավարության ծրագրում էլ մենք գրել ենք, որ 2 մլրդ գույք պետք է վերադարձվի մինչեւ 2031 թվականը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: