Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 մլն դրամ և 3 անշարժ գույք

Բաժանորդագրվել

Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ և 3 անշարժ գույք։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման հետ կապված պահանջ է ներկայացրել դատարանին»,- ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել`

3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, իսկ 2-ը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են,
շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2005-2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Leave a comment