ՊԵԿ․ Ավելի քան 2.1 մլրդ դրամի վնաս պետությանը. խոշոր հարկային իրավախախտումներ` սպորտային համալիրում

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գործող խոշոր մարզահամալիրի կառուցման ընթացքում հնարավոր է՝ ամբողջությամբ չեն փաստաթղթավորվել օգտագործված շինանյութերը, կատարված շինարարական աշխատանքներն ու ստացված ծառայությունները, ինչի հետևանքով կարող էին պակաս հաշվարկվել պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության հաշվապահական և սկզբնական հաշվառման փաստաթղթերը, շինարարությանն առնչվող իրավական հիմքերը, հիմնական միջոցների հաշվառումը, ինչպես նաև հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը։ Փաստական տվյալների համադրման ընթացքում բացահայտվել է մի հանգամանք, որը հետագա ուսումնասիրության համար առանցքային է դարձել։

Պարզվել է, որ շուրջ 10 հազար 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող մարզահամալիրի կառուցման համար 2013-2015 թվականներին հաշվարկային փաստաթղթերով ձևակերպվել է ընդամենը շուրջ 665 միլիոն դրամի շինարարական աշխատանքների, ծառայությունների և շինանյութերի ձեռքբերումը։ Միաժամանակ հետագայում նույն մարզահամալիրը, որպես հիմնադրի ոչ դրամային ավանդ, անկախ գնահատողի կողմից գնահատվել է ավելի քան 20 միլիարդ դրամ։

Փաստաթղթերով ձևակերպված շինարարական ծախսերի և կառուցված գույքի գնահատված արժեքի միջև առկա բազմամիլիարդ դրամի տարբերությունը դարձել է օպերատիվ հետազոտության հիմնական ուղղություններից մեկը։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ, որ մարզահամալիրի կառուցման ընթացքում օգտագործված շինանյութերի, կատարված շինարարական աշխատանքների և ծառայությունների զգալի մասը կարող էր ձեռք բերված լինել առանց օրենքով սահմանված կարգով համապատասխան հաշվարկային փաստաթղթերով ձևակերպվելու և առանց ընկերության հաշվապահական ու հարկային հաշվառման մեջ արտացոլվելու։ Հետագայում այդ ակտիվները ձևակերպվել են որպես հիմնադրի ոչ դրամային ավանդ և ներառվել ընկերության կանոնադրական կապիտալում։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում արձանագրվել են նաև հիմնական միջոցների հաշվառման հետ կապված անհամապատասխանություններ։ Մասնավորապես ընդհանուր շուրջ 614 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի մի մասը տեղում չի հայտնաբերվել, մինչդեռ դրանց դուրսգրումը կամ վնասումը հիմնավորող փաստաթղթեր չեն ներկայացվել։ Նախնական տվյալներով՝ այդ հանգամանքով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 102 միլիոն դրամ։

Այսպիսով, ձեռք բերված փաստական տվյալները հիմք են տվել ենթադրելու, որ պետությանը պատճառված հնարավոր վնասը կազմել է ավելի քան 2 միլիարդ 107 միլիոն դրամ։

Փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

News.am

Leave a comment