Ուզում ենք նաև մեր կառուցած ճանապարհները միջազգայնորեն գովազդենք․ վարչապետը՝ հեծանվաերթի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այս որոշումը Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտը զարգացնելու տրամաբանության մեջ է մտնում։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից ներկայացրած նախագծին, ըստ որի՝ 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն հեծանվաերթ։
Վարչապետը նշեց, որ կյանքի բացակայությամբ հնարավոր չէ զարգացնել սպորտը «Ես վերջերս լուրերով հետևում եմ, որ Հայաստանի հրաձգության հավաքականը մեդալ վերցրեց, հետո էլի մեդալ վերցրեց, մի հատ էլ վերցրեց, ասում եմ՝ էս ի՞նչ է կատարվում, նախարարին հարցնում եմ՝ ունե՞ք բացատրություն, և այդ բացատրությունը ցնցում է․ պարզվում է, որ երբ Եվրոպայի հրաձգության առաջնություն ենք կազմակերպել, ձեռք ենք բերել տեխնիկա, և մեր մարզիկները մի քանի ամիս մարզվելու հնարավորություն են ունեցել, գնացել են մեդալների կեսը, կարող է չափազանցնում եմ, հավաքել հետ են եկել Հայաստան»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հեծանվային սպորտը աշխարհում պոպուլյար է և ուզում են Հայաստանի տեսանելիությունը բարձրացնել։
«Էլ չեմ ասում, որ մենք ուզում ենք մեր կառուցած ճանապարհները միջազգայնորեն գովազդենք, որ նաև ունենք այնպիսի ճանապարհներ, որտեղ կարելի է նաև միջազգային հեծանվային մրցաշար անել և «Tour of Armenia» անունը հնչելու է այս տարի առաջին անգամ, և մեզնից է կախված, թե որքանով կմոտենա «Tour de France» անվանը։ Պարզ է, որ պետք չի չափազանցված ամբիցիաներ ունենանք, որովհետև ինչ մենք հիմա սկսում ենք, իրենք հարյուր տարի առաջ են սկսել, ինչքան էլ արագ քշենք, հավանականությունը քիչ է, որ կգնանք կհանենք, բայց կարող ենք այս միջազգային քարտեզում այդ համեստ դերը ստանձնել»,-ասաց նա։
Հայտնենք, որ միջոցառման կազմակերպման և անցկացման համար կպահանջվի 1,599,527.2 հազար դրամ (առանց ԱԱՀ), որից 884,000.0 հազար դրամը ակնկալվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կողմից կհատկացվի 413,860.0 հազար դրամ և ևս 301,667.2 հազար դրամ՝ այլ հովանավորների կողմից ակնկալվող եկամուտներն են։