«ՀՀ-ն այսպիսով տեղափոխվում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»․ Փաշինյանի վտանգավոր հայտարարությունները

«ՀՀ-ն այսպիսով տեղափոխվում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- կառավարության նիստում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա:

«Շատ կարեւոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն, որով առաջնորդվում է ՀՀ-ն։ Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որ ՀՀ-ն այսպիսով տեղափոխվում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե ինչո՞վ է տարբերվում Երրորդ Հանրապետությունը Չորրորդ Հանրապետությունից։ «Տարբերությունը հետեւյալն է՝ ըստ էության Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ։ Չորրորդ Հանրապետությունը ձեւավորվում է խաղաղության տրամաբանությամբ։ Եվ այստեղ միայն հակամարտության ու խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության։ Ի՞նչ գործնական առաքելություն ու գործառույթ ունի պետությունը։ Երրորդ Հանրապետությունը 1990 թվականին իր հռչակումով ըստ էության արձանագրել է, որ պետության նպատակը, պայմանականորեն ասած, պատմական արդարության վերականգնումն է։ Սրանից բխել են նաեւ որոշակի գործողություններ, եւ ըստ էության այս հայեցակարգից է բխել նաեւ Ղարաբաղյան շարժումը։ Եվ Ղարաբաղյան շարժումն այդ հայեցակարգի վերջնական ուղղություններից մեկն է եղել»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց․ «2021 թվականի ընտրություններին մենք մուտք գործեցինք միջին վիճակագրական «Քաղաքացիական պայմանագիր»/դաշնակցական գաղափարախոսությամբ։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին, եւ այլն։ Երրորդ Հանրապետության գաղափարախոսության բոլոր դրույթներն արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ կարեւոր եւ էական մի բան՝ ՀՀ քաղաքացիները, հանրության այն մասը, որին ես անվանում եմ ՀՀ-ն սնուցող մայրեր, նրանք մեզ եւ կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը եւ այդ հայեցակարգը։ Իհարկե, դա տեղի չի ունեցել մեկ օրում եւ միանգամից»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նա հավելեց, որ այսօրվա առանձնահատկությունն այն է, որ կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է «իրական Հայաստանի» գաղափարախոսության եւ Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա։ «Սա է այն առանցքային փոփոխությունը կամ վերափոխումը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment