Մոսկվան պատրաստ է լսել Վաշինգտոնի նոր նախաձեռնությունները Ուկրաինայի վերաբերյալ, սակայն ամերիկացի ներկայացուցիչների հետ նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան, «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադիր հետևում ենք Վաշինգտոնի դիրքորոշմանը ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ Մենք դեռևս որևէ կոնկրետ առաջարկ չենք ստացել ամերիկացի բանակցողների հետ նոր հանդիպումների վերաբերյալ. ակնհայտ է, որ նրանք ներկայումս կենտրոնացած են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վրա։ Պարբերաբար լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների Մոսկվա կատարելիք այցի մասին։ Մենք, իհարկե, պատրաստ ենք կազմակերպել այս հանդիպումը կարճ ժամանակում, սակայն որևէ պաշտոնական հարցում չենք ստացել», – ասել է Զախարովան։
Նա նշել է, որ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում անհրաժեշտ են նոր գաղափարներ»։
«Մեր կողմից մենք պատրաստ ենք լսել Վաշինգտոնի կառուցողական նախաձեռնությունները։ Միևնույն ժամանակ, մենք ընդգծում ենք, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լուծման ցանկացած տարբերակ պետք է անպայման հաշվի առնի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը։ Կիևի և նրա եվրոպական հովանավորների մաքսիմալիստական պահանջները, որոնք չեն արտացոլում տեղում առկա իրականությունը, քննարկելն անիմաստ է», – ընդգծել է Զախարովան։
Զախարովան ասել է, որ Կիեւը ոչ միայն ցուցադրում է բանակցելու լիակատար անկարողություն, այլև ակտիվացնում է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական հարձակումները։ «Քանի դեռ այդպես է, Ռուսաստանի զինված ուժերը համաչափ կարձագանքեն ի հայտ եկող սպառնալիքներին և կշարունակեն հատուկ ռազմական գործողությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սահմանված նպատակներին հասնելու համար», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը։