«Ժողովուրդ». Ռուսական շուկայի հնարավոր կորուստը դեռ ամբողջությամբ չի փոխարինվել նոր շուկաներով

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հարցմանը Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը դարձել է կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություն։ Սակայն երբ խնդրեցինք ցույց տալ՝ կոնկրետ ինչ ապրանք, ինչ քանակով և որ նոր շուկա է գնացել, նախարարությունը մեզ ուղղորդեց ՊԵԿ։ ՊԵԿ-ն էլ՝ Արմստատ։ Պաշտոնական թվերը մի շարք ուղղություններով ոչ թե թռիչքային աճ, այլ անկում են ցույց տալիս։

Հայկական գյուղմթերքի համար ռուսական շուկան այլևս այն նույն «անվտանգ նավահանգիստը» չէ, ինչ նախկինում։ Վերջին ամիսներին ռուսական կողմի տարբեր սահմանափակումները խնդիրներ են ստեղծել հայկական մի շարք ապրանքների արտահանման և իրացման համար։ Դրա ֆոնին Հայաստանի իշխանությունները խոսում են նոր շուկաներ գտնելու, արտահանման աշխարհագրությունը փոխելու և կախվածությունը նվազեցնելու մասին։

Էկոնոմիկայի նախարարությունից, միևնույն ժամանակ, մեզ պարզաբանեցին, որ «Բիզնեսն ինքնուրույն է իրականացնում իր ապրանքատեսակին համապատասխանող շուկաների մարքեթինգային վերլուծություն և թիրախավորում»։ Սակայն հենց հաջորդ հատվածում նախարարությունը փաստում է, որ ստեղծված իրավիճակում պետությունը նույնպես ակտիվ դեր է ստանձնել։ Ավելին՝ նախարարությունը վստահեցնում է. «Արդեն իսկ կան Եվրոպական, Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Ծոցի երկրներ փաստացի արտահանված արտադրանքի ծավալներ, ինչպես նաև արտահանման նպատակով ակտիվ բանակցություններ արտահանողների և ներմուծողների միջև»։

Հնչում է լավ։ Բայց երբ անցնում ենք թվերին, պատկերը մի փոքր այլ է։ 
Ռուսաստան՝ արտահանումը նվազում է
Արմստատի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 169.4 մլրդ դրամ։ 2025 թվականի մայիսին այն կազմում էր 197.6 մլրդ դրամ, իսկ 2024 թվականի մայիսին՝ մոտ 219 մլրդ դրամ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է մոտ 28.2 մլրդ դրամով կամ 14.3 տոկոսով։

2024 թվականի մայիսի համեմատ անկումն արդեն մոտ 49.5 մլրդ դրամ է կամ 22.6 տոկոս։ Սա ընդհանուր արտահանման ցուցանիշ է և ոչ միայն գյուղմթերքի։ Հետևաբար ճիշտ չէ ամբողջ անկումը վերագրել ռուսական սահմանափակումներին։ Բայց մեկ բան ակնհայտ է՝ ռուսական շուկայի ուղղությամբ աճի մասին խոսել այս թվերով դժվար է։ 

Իսկ նոր շուկանե՞րը։ Այստեղ էլ պատկերն ամբողջությամբ միանշանակ չէ։ Օրինակ՝ 2026 թվականի մայիսին Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը կազմել է մոտ 15.1 մլրդ դրամ, մինչդեռ 2025 թվականի մայիսին այն եղել է 14.7 մլրդ դրամ։ Աճը՝ ընդամենը մոտ 3 տոկոս։ Այսինքն՝ առնվազն ընդհանուր արտահանման ցուցանիշով Նիդերլանդների ուղղությամբ այնպիսի աճ չենք տեսնում, որը կարող էր վկայել ռուսական շուկայի կորուստը արագ փոխհատուցելու մասին։ Բայց եթերներում ազդարարում էին, թե մեր վարդերը Հոլանդիա են գնում: 

Ուկրաինայի դեպքում պատկերը ավելի հետաքրքիր է։ 2026 թվականի մայիսին Հայաստանից Ուկրաինա արտահանումը կազմել է մոտ 1.04 մլրդ դրամ, մինչդեռ 2025 թվականի մայիսին՝ մոտ 605 մլն դրամ։ Այսինքն՝ աճը շուրջ 71 տոկոս է։ Լեհաստանի ուղղությամբ ևս աճ կա։ 2026 թվականի մայիսին արտահանումը կազմել է մոտ 1.7 մլրդ դրամ, մինչդեռ 2025 թվականի մայիսին՝ մոտ 759 մլն դրամ։ Աճը՝ ավելի քան 2.2 անգամ։ Սակայն այստեղ էլ կա էական վերապահում. այս թվերը վերաբերում են երկրների հետ ընդհանուր արտահանմանը, ոչ թե միայն ծիրանին, ելակին, ծաղկին կամ լոլիկին։ Հետևաբար այս թվերով դեռ հնարավոր չէ ասել, որ ռուսական շուկայից դուրս մնացած հայկական գյուղմթերքը նույն ծավալով տեղափոխվել է Լեհաստան կամ Ուկրաինա, թե այլ բիզնեսմեններ են իրենց արտադրանքը ավելի մեծ թվով արտահանել այդ երկրներ։

Մի կողմից՝ փաստացի կան նոր ուղղություններ։ Ուկրաինա և Լեհաստան արտահանման աճ կա։ Նախարարությունը հայտնում է Վրաստանի, Ուզբեկստանի, ԱՄԷ-ի, Իրանի, Ուկրաինայի, եվրոպական մի շարք երկրների, Բելառուսի և Ղազախստանի ուղղությամբ իրականացված կամ նախատեսվող արտահանման մասին։ Մյուս կողմից՝ հիմնական գյուղմթերքի մի շարք կատեգորիաներում պաշտոնական մայիսյան թվերը ցույց են տալիս կտրուկ անկում։
Ծաղիկներ՝ -35 տոկոս ծավալով։
Հատապտուղների համապատասխան խումբ՝ մոտ -23 տոկոս։
Կորիզավոր մրգեր՝ ավելի քան -99 տոկոս։
Ռուսաստան ընդհանուր արտահանում՝ մոտ -14 տոկոս մեկ տարվա կտրվածքով։

Այս թվերը դեռ չեն նշանակում, որ դիվերսիֆիկացիան ձախողվել է։ Հունիսյան օպերատիվ տվյալները ցույց են տալիս, որ նոր ուղղություններով արտահանում իսկապես իրականացվել է, և հատկապես ծիրանի ու կեռասի մասով ծավալները զգալի են։

Բայց մի բան արդեն պարզ է։ Ռուսական շուկայի հնարավոր կորուստը դեռ ամբողջությամբ չի փոխարինվել նոր շուկաներով։ Եվ հենց սա է այն հարցը, որի պատասխանը պետք է տալ ոչ թե ընդհանուր հայտարարություններով, այլ թվերով։
Քանի՞ տոննա էր գնում Ռուսաստան։
Քանի՞ տոննա է հիմա գնում այնտեղ։
Քանի՞ տոննա է գնացել Ուկրաինա, Լեհաստան, Նիդերլանդներ, Ծոցի երկրներ, Մերձավոր Արևելք և Միջին Ասիա։

Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք նոր շուկաներում հայկական գյուղմթերքը կարողացել է փոխարինել ռուսական շուկայի կորցրած ծավալը։ Այս հարցերի ամբողջական պատասխանը դեռ չունենք։ Իսկ քանի դեռ չունենք, «արտահանման դիվերսիֆիկացումը դարձել է կառավարության առաջնահերթություն» հայտարարությունը մնում է քաղաքական խոստում, ոչ թե ամբողջությամբ չափված տնտեսական արդյունք»։

Leave a comment