COP17-ի կազմակերպչական կոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և ենթակառուցվածքների նախապատրաստումը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ կայացել է CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը։ Քննարկվել են Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպումը, «Մերիդիան» էքսպոկենտրոնի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև առողջապահական և համաճարակների կանխարգելման միջոցառումները։

«Նիստի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործընկերների հետ քննարկել են Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը՝ անդրադառնալով աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։

Առանձին անդրադարձել են «Մերիդիան» էքսպոկենտրոնում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, տարածքի նախապատրաստման և ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին։

Քննարկել են նաև առողջապահական և համաճարակների կանխարգելման միջոցառումների կազմակերպման, բուժկետերի տեղակայման և անհրաժեշտ պայմանների ապահովման հետ կապված հարցերը։

CBD COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով․ բոլոր ուղղություններով հետևողականորեն առաջ է տարվում կազմակերպչական և ենթակառուցվածքային աշխատանքները՝ համաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment