Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական պատերազմի» մեկնարկի մասին

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, ընկերություններին, օդանավակայաններին կամ պետական ​կառույցներին որևէ աջակցություն ցուցաբերել Իրանին, վտանգավոր հետևանքների կբախվի։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը չօգտեց Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելու հնարավորությունը, ուստի ԱՄՆ–ն լայնածավալ տնտեսական գործողություններ է սկսում Իրանի դեմ։

Օգոստոսի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններ չեն վարում կամ չեն ծրագրում վարել` Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման պայմաններում։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ երկարաձգել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը, որի ժամկետը լրացել է օգոստոսի 17-ին։

«Որևէ մեկը Իրանի Իսլամական Հանրապետությանը գործարք կնքելու ավելի շահավետ հնարավորություն չի տվել, քան ես։ Դժբախտաբար, նրանք չօգտվեցին դրանից։ Այդ իսկ պատճառով, այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված ամենաավերիչ տնտեսական գործողության մասին», – գրել է ԱՄՆ առաջնորդը Truth Social–ում։

Թրամփի խոսքով՝ ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, ընկերություններին, օդանավակայաններին կամ պետական ​​կառույցներին Իրանին որևէ աջակցություն ցուցաբերել, կբախվի հսկայական տնտեսական հետևանքների։

Նա նաև կոչ է արել դադարեցնել նավթի մաքսանենգությունը, արժութային գործարքները, դրամական փոխանցումները, կեղծ ընկերությունների գործունեությունը և Իրանի հետ կապված նավերի գրանցումը։

Թրամփը պնդում է, որ Իրանի ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, ռազմական ձեռնարկությունները` ավերվել, ազգային արժույթն էլ արժեզրկվել է։

«Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա», – կրկին ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Leave a comment