«Մեծացրել եք, զարգացրել եք, երկու բառ չես կարողանում ասել, արա». Հովիկ Աբրահամյան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մյուսների գործով մեղադրյալ Գրիգոր Գևորգյանի պաշտպանը այսօր միջնորդեց պաշտպանյալի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացնել:

Պաշտպանը հայտնեց, որ Գևորգյանը ամբուլատոր հետազոտություն պետք է անցնի Գերմանիայում՝ հայտնելով, որ 2015 թվականին էլ է բուժման նպատակով մեկնել Գերմանիա, այնտեղ վիրահատվել:
Պաշտպանը վստահեցրեց, որ Գևորգյանի բուժումը որևէ կերպ չի անդրադառնա դատական նիստերի բնականոն ընթացքի վրա:

Նիստը նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Գևորգյանը 2015-ից հետո որևէ բուժում ստացե՞լ է, թե ոչ, ինչո՞ւ հետազոտման անհրաժեշտությունն առաջացավ հիմա, Գևորգյանն արձագանքեց՝ ֆինանսական հնարավորություն չի ունեցել:

Հովիկ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ ամեն անգամ ասենք՝ սահմանը փակենք, թող անձը չգնա, հեշտ չպետք է նայել այդ հարցին: Ըստ Սարգսյանի՝ օրենսդիրը շեմ է սահմանել, ու չես կարող ենթադրության մակարդակում անձի սահմանադրական իրավունքը սահմանափակել:

Նրա խոսքով՝ ինքը Գևորգյանին ճանաչում է անձամբ, ու զոռով էլ չես կարող նրան ասել՝ Հայաստան մի վերադարձի. «Եթե ստիպեն՝ գնա Հայաստանից, ճանկերով կվերադառնա: Մի ամբողջ ռեստորանային համալիր է ղեկավարում, բացակայությունը նշանակում է այդ ամբողջ համալիրի կործանում: Ամբողջ զբաղմունքը ռեստորանի զարգացումն է, հիմա մենք ասում ենք՝ չէ, դու կթաքնվես: Անձին պետք է հնարավորություն տանք՝ մեկնի, բուժում ստանա»:

Երեմ Սարգսյանի այս հայտարարությունից հետո նիստը նախագահողը հարցեր ուղղեց հենց Գևորգյանին.

– Ի՞նչ եք աշխատում, – հարցրեց նիստը նախագահողը:

– Ռեստորանում, Արմեն Գևորգյանի, – պատասխանեց Գևորգյանը:

– Ո՞վ է Արմեն Գևորգյանը, – հարցրեց դատարանը:

– Միասին աշխատացնում ենք, – պատասխանեց Գևորգյանը:
Երբ դատարանը պարզեց, որ Գևորգյանը այդ ռեստորանային համալիրում աշխատում է 2016 թվականից, հաջորդ հարցն ուղղեց.

– Բա ասում եք, ֆինանսական միջոցներ չեք ունեցել հետազոտման համար:

– Էն վախտ էդ հնարավորությունը չի եղել, – արձագանքեց Գևորգյանը:
Հովիկ Աբրահամյանն տեղից հուշեց՝ «մեծացրել եք, զարգացրել եք, երկու բառ չես կարողանում ասել, արա»:

Դատարանը որոշեց մերժել Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը և Գևորգյանի բացակայության արգելք խափանման միջոցը թողնել անփոփոխ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment