«Ապահովվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը և իրականացնել Կաթողիկոսական տեղապահի ընտրություն». Ինչ է քննարկվելու վաղը Կառավարության նիստում

Վաղը Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրին հավանություն տալու հարցը։

Ծրագրում  այլ հարցերին զուգահեռ  քննարկվելու է նաև հոգևոր անվտանգության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը։ 

Մասնավորապես, Կառավարությունը նախատեսում է Եկեղեցու բարենորոգման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովմանն ուղղված մի շարք քայլեր իրականացնել։

«Հոգևոր անվտանգություն

Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։ Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`

1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:

2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:

3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը: Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն»,-ասված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում։

Leave a comment