Ավագանին հավանություն տվեց Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրին

Ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրին:

Նախագծի ընդունումը հնարավոր է դարձնում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառումը քաղաքային կայուն զարգացման մի շարք ծրագրեր իրագործելու համար:

Համաշխարհային բնապահպանական մարտահրավերների համատեքստում քաղաքային իշխանության առաջնահերթություններից է կայուն զարգացման ներդրումը քաղաքային կառավարման տարբեր ենթակառուցվածքներում:

Դա պաշտոնապես ամրագրվեց, երբ 2017թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Փարիզյան համաձայնագիրը՝ պարտավորվելով սահմանափակել իր արտանետումները և ավելացնել կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու միջոցառումների իրականացումը:

Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը» մշակվել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը Երևանի անդամակցության ընթացքում:

ԿԷԶԿԳԾ-ի նպատակն է որոշել կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և հարմարվելու միջոցառումները:

Դրանք ենթադրում են մինչև 2030թ․ ջերմոցային գազերի արտանետումների կրճատում առնվազն 30%-ով և կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ համայնքի դիմակայունության բարձրացում:

Կառաջարկվեն միջոցառումների իրականացման եղանակներ, ժամկետներ, ծախսեր, պատասխանատու մարմիններ, ակնկալվող արդյունքներ, նաև առաջընթացի մշտադիտարկման և ձեռքբերումների գնահատման գործիքներ:

***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 12-ին:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment