Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական միությունը (ԵՄ) և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գործընկերները՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ գործընկերությամբ պաշտոնապես մեկնարկեցին «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» համատեղ ծրագիրը (EU4Clean Air in Armenia)՝ նոր նախաձեռնություն, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի կարողություններն օդի որակի մշտադիտարկման, վերլուծության և կարգավորման ուղղությամբ՝ ի վերջո նպաստելով ավելի առողջ համայնքների և կայուն կանաչ աճի ապահովմանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հաղորդակցության բաժինը։

ԵՄ-ի կողմից 2 միլիոն եվրո բյուջեով ֆինանսավորվող ծրագիրը, որին լրացուցիչ ֆինանսական ներդրում են կատարում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ ԵՏՀ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), նախատեսված է երեք տարվա համար և համատեղ կիրականացվի ՄԱԶԾ-ի, ՄԱԿ ԵՏՀ-ի, ԱՀԿ-ի և Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության (ԱՇՄԳ) կողմից։

Մեկնարկային միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կառավարության, ԵՄ-ի, ՄԱԿ-ի համակարգի և միջազգային փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին Հայաստանի օդի որակի առկա մարտահրավերներն ու բարելավման առաջնահերթությունները։

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը, ԱՀԿ-ի ներկայացուցիչ և Հայաստանում ԱՀԿ-ի գրասենյակի ղեկավար Սիդհարթա Սանկար Դատտան, ՄԱԿ ԵՏՀ-ի բնապահպանական հարցերով պատասխանատու Քերոլին Սանս Նորիեգան, և Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության (ԱՇՄԳ) ԵՄ և միջազգային համագործակցության հարցերով ավագ հաճախորդների կառավարիչ Վոլֆգանգ Դոլեզալը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին իր բացման խոսքում նշեց, որ ծրագիրը կարևոր հնարավորություն է ընձեռում ամրապնդելու օդի որակի պահպանության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործման ուղղությամբ, միաժամանակ անդրադառնալով դեռևս առկա բացերին։ Նա ընդգծեց, որ ազգային ամուր սեփականության և ՄԱԿ-ի գործընկերների համատեղ փորձագիտական ներուժի շնորհիվ ծրագիրը կնպաստի օդի որակի կառավարման համակարգի ամրապնդմանը, մշտադիտարկման համակարգերի արդիականացմանը, օդի որակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և հանրության համար հասանելիության բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան՝ դիմելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ այսօրվա հանդիպումը կարևոր հանգրվան է Հայաստանի՝ օդի որակի մարտահրավերներին համապարփակ, փաստերի վրա հիմնված և հեռանկարային մոտեցմամբ արձագանքելու ուղղությամբ համատեղ ջանքերում։ Նա նաև ընդգծեց, որ հանդիպումը հնարավորություն է վերահաստատելու ԵՄ-ի, ՀՀ Կառավարության և ծրագրի իրականացնող գործընկերների միջև ձևավորված ամուր գործընկերությունը։

Օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ Հայաստանի առջև ծառացած բնապահպանական և հանրային առողջության առավել հրատապ մարտահրավերներից մեկը։ Նոր ծրագիրը նպատակ ունի բարելավել օդի որակը և առավել արդյունավետ պաշտպանել մարդկանց առողջությունը՝ ամրապնդելով օդի որակի մշտադիտարկման, գնահատման և կարգավորման ազգային համակարգերը, միաժամանակ աջակցելով Հայաստանի՝ ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագիրը կաջակցի Հայաստանի օդի որակի մշտադիտարկման ազգային ցանցի արդիականացմանն ու ընդլայնմանը, եվրոպական չափանիշներին համապատասխան երկրի օրենսդրական և կարգավորող շրջանակի ամրապնդմանը, ինչպես նաև օդի որակի կառավարման համար պատասխանատու հաստատությունների տեխնիկական կարողությունների զարգացմանը։ Նախաձեռնությունը կնպաստի նաև օդի որակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության հանրային հասանելիության բարելավմանը՝ նոր թվային գործիքների, այդ թվում՝ օդի որակի պորտալի և բջջային հավելվածի միջոցով՝ օգնելով քաղաքացիներին կայացնել տեղեկացված որոշումներ և խթանելով ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակումը։

 

Leave a comment