«Մի՛ ոգևորվիր»․ լեզվակռիվ Վարդան Ղուկասյանի փեսայի ու ավագանու ՔՊ-ական անդամի միջև

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական մի կառույցի գումար հատկացնելիս՝ ավագանու ՔՊ-ական անդամ Լևոն Անանյանը Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեց, թե Գյումրու քաղաքային իշխանությունն ի՞նչ քայլեր է անում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը փոխելու համար։

Ըստ ավագանու անդամի, դժոհություններ է ստացել, որ քաղաքն այնքան էլ հասանելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, հատկապես ձմեռային փոսերի ու սառույցների ֆոնին։

Ավետիս Առաքելյանը պատասխանեց․ «Ոչ միայն մենք, այլ մեզանից առաջ ձեր ժամանակներից սկսած ամբողջ կապիտալ շինարարությունը՝ փողոցաշինությունն ընդգրկում է թեքահարթակներ։ Եթե գնում է փողոցի կապիտալ վերանորոգում, փողոցաշինություն, անպայման թեքահարթակները հաշվի ենք առնում, եթե ինչ-որ նոր բաներ կառուցվում են, որոնք տրամադրվում են քաղաքապետարանի կողմից, նախագծում անպայման պետք է լինեն թեքահարթակներ հաշմանդամների համար, նախագծեր ունենք, որոնք վերելակներ են օգտագործում։ Այդ ամենը եթե չլինի, նախագծերը չեն հաստատվի, շինթույլտվություն չի տրվի»։

Գյումրու ավագանու անդամն ասաց, թե իր հարցը վերաբերում է ոչ թե շինարարությանը, այլ քաղաքում տեղաշարժվելուն, մասնավորապես ձյան ու սառույցի դեմ պայքարին։

«Պարոն Անանյան, ինչ ընդհանրական եք խոսում, ձյունն ու սառույցն ամենօրյա ռեժիմով մաքրվում են քաղաքում, նաև աղ է ցփնվում, միշտ կատարվում են այդ աշխատանքները։ Եթե ինչ-որ մեկի կողմից դա նկատելի չէ, ես բազմիցս եմ ասել, էլ չկրկնվեմ, էդ 400 և ավելի աշխատակիցներ ունեցող հիմնարկի աշխատանքն է իջեցնելը։

Մարդիկ էդ ցրտին, բքին դուրս են գալիս և իրենց աշխատանքն անում են, մաքրում են մայթերը, փողոցները, ձյունն ու սառույցը, ամեն ինչ անում են։ Եվ սա՝ ի տարբերություն մյուս համայնքների, անունները չեմ ուզում տալ, բազմիցս եղել եմ տարբեր տեղեր, տեսել եմ, ոչ մի աշխատանք չի գնում։ Չեմ էլ ուզում բարձրաձայնեմ, դա ոչ մեկին չի էլ հետաքրքրում, կարևորը սա քաղաքն է, մենք պետք է անենք, մնացածը իրենք գիտեն, թե չէ, ամեն աշխատանք կատարվում է, այնպես չէ որ մենք պետք է միայն հաշմանդամների համար անենք, մյուս քաղաքացիների համար չանենք, մենք բոլորի համար անում ենք»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

Ավագանու անդամ Լևոն Անանյանը հակադարձեց․ «Ոչ բոլորի համար, հաշմանդամություն ունեցող անձինք հատուկ վերաբերմունք են պահանջում»։

«Մի՛ ոգևորվեք, աշխատանքներ կատարվում են»,- սաստեց Ավետիս Առաքելյանը։
Ավագանու անդամը շարունակեց․ «Հատուկ պիտի անենք, այո՛»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment