Քաղաքականություն
19.08.2026 | 16:48
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները Եվգենի Խմարային հաստատել են երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Մինչ այս, նա կատարում էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խմարային պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր նշանակել այն բանից հետո, երբ հուլիսի կեսերին ամբողջ կառավարությունը պաշտոնանկ էր արվել, այդ թվում՝ պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը։
Եվգենի Խմարայի՝ պաշտպանության նախարար նշանակման օգտին քվեարկել է խորհրդարանի 312 անդամ, դեմ՝ 2-ը։
Դիմելով Ռադային՝ Խմարան իր աշխատանքի առաջնային խնդիրներից է համարել ռազմաճակատի ամրապնդումը, մարդկային կապիտալի պահպանումը և պաշտպանական արդյունաբերության զարգացումը։
Հուլիսի 17-ին Զելենսկին հայտարարեց, որ Եվգենի Խմարան, որն այս տարվա հունվարից կատարում էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները, նշանակվում է պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
Մինչ այդ, Ուկրաինայի նախագահը որոշել էր չվերանշանակել նախարար Միխայիլ Ֆեդորովին նոր կառավարությունում։ Սա զանգվածային բողոքի ցույցեր էր հրահրել։
Խմարայի թեկնածությունը Գերագույն ռադա է ներկայացվել մեկ ամիս անց՝ օգոստոսի 18-ին։ Օրենքի համաձայն՝ Ուկրաինայում պաշտպանության նախարարի պաշտոնում կարող է ծառայել միայն քաղաքացիական անձ, իսկ Խմարան զինվորական ծառայության մեջ է եղել։
Մինչ այս էլ, Ռադան ԱԳ նախարարի պաշտոնում հաստատել էր Անդրեյ Սիբիհային։