«Իրենք արհամարհած ունեն այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այն է՝ քաղաքացիական հասարակության ամբողջական ոչնչացումը: Դա արվում է ԵՄ-ի մեծ օժանդակությամբ»,- Հայաստանում ԵՄ գրասենյակի առաջ ի պաշտպանություն քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա ձևակերպմամբ՝ ԵՄ-ն 8 տարի է՝ ոչնչացնում է բավականին կայացած քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք կան Հայաստանում:
Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը, դիմելով ԵՄ ներկայացուցիչներին, նշեց, որ իրավունքների պաշտպանությունը կոմֆորտի մասին չէ, և նրա խոսքով՝ իրավունքների պաշտպանությունում երբեմն պետք է լինեն անհարմար դրություններ: «Ստանդարտ կիրառողը պետք է վատ զգա այն երկակիության համար, որը կիրառում է»,- ասաց փաստաբանը:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ կալանքի տակ գտնվող գործընկերներն ուժեղ և տոկուն մարդիկ են, որոնք ոչ մի վայրկյան չեն կոտրվում ռեժիմի ճնշման տակ։ Դիմելով Արեգնազ Մանուկյանին՝ նա նշեց. «Արեգնազը տարիներ շարունակ խորհրդարանում պայքարել է մարդկանց իրավունքների համար։ Արեգնազ ջան, ես ամաչում եմ, որ դու այսօր կալանքի մեջ ես, բայց իմացիր՝ քեզ սիրում և գնահատում են քո բարձր մարդկային որակների համար։ Այս խելագարությունը շուտով կավարտվի»:
Գառնիկ Դանիելյանի ձևակերպմամբ՝ հենց հանրային արձագանքը, դատապարտումը բերեցին նրան, որ Արեգնազ Մանուկյանին առաջին անգամ թույլ տվեցին դստեր ծննդյան օրը տեսնի իր անչափահաս դստերը։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ կատարվածն առաջին հերթին քաղաքական ակցիա է, որը պետք է ունենա քաղաքական հետևանքներ. «ԵՄ-ն, որը կառուցված է մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության սկզբունքների վրա, Հայաստանում չի գործում: Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ աշխարհաքաղաքական և քաղաքական նպատակներից ելնելով՝ ԵՄ-ն ոչ միայն աչք է փակում, այլ նույնիսկ աջակցում է, որ այդ իրավունքները և արժեքային համակարգը քանդվի: Արդյունքում, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ում այդ արժեքային համակարգն ըստ էության փլուզվում է, և քաղաքական դեֆորմացիաներ են սկսվել: Հիմնական խոսույթն այն է, որ ժողովրդավարական արժեքներն այլևս չեն գործում: Մենք հասկանում ենք, որ իրենց համար քաղաքական նպատակներն ավելի կարևոր են, քան արժեքային համակարգը»:
Բողոքի ցույցն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: