«Ընդդիմության քվեները 100%-ով կեղծ են»․ Փաշինյանի խոսքը հասկացեք այնպես, որ մեծապես են կեղծ. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը, ԵՏՄ-ում մնալու նպատակահարմարությանը և ընդդիմության կողմից առաջադրված հանձնաժողովի նախագահի թեկնածուի պատրաստվածությանը։

Եղոյանը շեշտեց, որ Հայաստանի դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում հստակ է և ամրագրված է օրենսդրորեն։

«Իհարկե, կքվեարկեինք Եվրամիության անդամ դառնալուն կողմ»,- սակայն հավելեց, որ հանրաքվեի անցկացման ժամկետները Հայաստանի և ԵՄ-ի ներքին հարաբերությունների տիրույթում են և չեն կարող որոշվել երրորդ պետության կողմից։

Խոսելով ԵՏՄ-ից դուրս չգալու պատճառների մասին՝ Եղոյանը նշեց, որ այս պահին կառույցում մնալը Հայաստանի համար տնտեսապես «փոխշահավետ է»․ «Մեր վճարած մաքսերի ծավալը և հետ ստացած ծավալը մոտ… երկու անգամ գերազանցում է մեր վճարածը»։

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության առաջադրած թեկնածուի՝ Արեգա Հովսեփյանի վերաբերյալ Եղոյանը նկատեց, որ թեկնածուն դեռ պետք է ադապտացվի խորհրդարանական միջավայրին։ Նրա գնահատմամբ՝ Հովսեփյանը «այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում եվրաինտեգրման պրոցեսը» և չի տիրապետում գործընթացի բոլոր դետալներին։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության քվեների վերաբերյալ «100% կեղծ» լինելու հայտարարությանը՝ Եղոյանը պարզաբանեց, որ դա քաղաքական գնահատական է, այլ ոչ թե մաթեմատիկական կամ ֆիզիկական փաստ։

«Դուք հասկացեք վարչապետի ասածը այնպես, որ մեծապես ընտրակաշառք գործեց»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքականության մեջ բառերը կարող են ունենալ «տարածական մեկնաբանություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment