«Մեր երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է՝ չբերել բախումը մեր դուռը»․ Նարեկ Կարապետյանը՝ եվրաինտեգրման մասին

«Եվրոպական միությանը ինտեգրացիան ինչպե՞ս ենք մենք տեսնում։ Եվրպայում կա երեք երկիր, որոնք ունեն շատ հետաքրքիր փորձ՝ Նորվեգիան, Շվեյցարիան ու Միացյալ թագավորությունը։ Այս երկրները մի մոդել են ընտրել՝ չեն մտել ԵՄ, որովհետեւ համարել են, որ ԵՄ-ն քաղաքական կառույց է, բայց բոլոր իրենց ինստիտուտներով ինտեգրված են եվրոպական համակարգի մեջ, եվրոպական ազատ տնտեսական գոտու մեջ։ Ի՞նչ է սա տվել՝ Շվեյցարիան զերծ է մնում բոլոր բախումներից, Նովերգիան զերծ է մնում հակադրություններից, Միացյալ թագավորությունն այլ ճանապարհ է ընտրել»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա հավելեց․ «Ո՞րն է Հայաստանի ճանապարհը՝ մենք տեսնում ենք, որ հայկական բոլոր ինստիտուտները պետք է տեղայնացնել եվրոպական մոդելներով։ Բաներ կան, մենք համաձայն չենք այդ մոդելների հետ, որպես պահպանողական ուժ՝ ընտանիքը թիրախավորող մոդելների հետ համաձայն չենք։ Դատական համակարգ, տնտեսական քաղաքականություն, կրթական համակարգ, մենք բերելու ենք եւ աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Հայաստանը բոլոր ստանդարտներով պետք է լինի եվրոստանդարտներով ապրող երկիր, բայց քաղաքական ընտրություն անելուց առաջ մենք պետք է նայենք՝ արդյոք այդ ընտրության ժամանակ կա՞ հակադրություն տարածաշրջանային ուժերի եւ Եվրամիության մեջ, թե՝ չէ։ Արդյոք դրա արդյունքում մենք ստանալո՞ւ ենք հարված, ուժեղ հարված։ Մեր երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է՝ չբերել բախումը մեր դուռը»։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ իրենց դիրքորոշմանը՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Իսկ ի՞նչ ենք մենք մտածում ձեզ հետաքրքրող Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Ռուսաստանը Հայաստանի ապրանքների դիմաց անցած տարի ուղարկել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան Հայաստանի ապրանքների դիմաց ուղարկել է 600 մլն դոլար։ Ո՞րն է մեր մոդելը՝ այն փողը, որը գալիս է Ռուսաստանից, դա գնում է թոշակներին, զինվորականների աշխատավարձին, սոցիական ծրագրերին, մենք չենք ուզում դա կորցնել։ Պրոհայկական քաղաքականությունն այն է, որ ես չեմ  ուզում հայի գումարը թողնեմ ուրիշին՝ ուզբեկը ծախի, թուրքը ծախի, բելառուսը ծախի այնտեղ»,- ասաց նա։

Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Եռապատերազմի և 2,5 տրիլիոն դրամ պարտք վերցրած կուսակցությունը ՔՊ-ն է»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment