Գազայից տեղափոխված 3 երեխայի բուժում կկազմակերպվի Հայաստանում
Գազայից տեղափոխված 3 երեխայի բուժում կկազմակերպվի ՀՀ-ում։
Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող 11 երեխաներից ընտրվել են 7-ը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում, սակայն միայն 3-ն են համաձայնել առավելագույնը մեկ ուղեկցող անձի հետ Հայաստանում հյուրընկալվելու եւ բուժում ստանալու պայմանին:
Առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է 16,7 մլն դրամի չափով հատկացնել Առողջապահության նախարարությանը փաստացի կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով։
Նախատեսվում է այդ հատկացումները կատարել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Հաշվի առնելով պացիենտ հանդիսացող երեխաների տարիքային և առողջական վիճակով պայմանավորված խոցելիությունը՝ նախարարությունը նպատակահարմար է գտնում «Ալենբի» անցակետ ուղարկել բժշկական առաքելություն՝ առողջապահության մեկ կազմակերպչի և մեկ բժշկի կազմով:
Նախարարությունը նաեւ դիվանագիտական խողովակով Պաղեստինի Պետության իրավասու մարմիններին է փոխանցել պացիենտներին ուղղված պաշտոնական հրավեր-նամակը, որով հավաստվում է, որ վերջիններս Հայաստանի Հանրապետությունում կապահովվեն անհրաժեշտ բուժօգնությամբ, իսկ ուղեկցող անձանց կացության ծախսերը կհոգան բուժման ողջ ընթացքում: ԱԳՆ միջոցով համապատասխան գրություն է հղել Պաղեստինի Պետության պատկան մարմիններին՝ հայցելով երեխաներին և նրանց ուղեկցող անձանց տրամադրել անձնագրեր՝ բժշկական տարհանումը պատշաճ կերպով իրականացնելու, Հայաստանի Հանրապետություն մուտքն ու համապատասխան ժամանակահատվածում նրանց կացությունն ապահովելու համար:
Եթե Գործադիրը հաստատի նախագիծը, ապա հաջորդ օրն այն կմտնի ուժի մեջ։