Երևանում կգործարկվի 6-12 ամսական երեխաների առաջին խումբը (PAN.am)

Երևանի չորս մանկապարտեզում, Գյումրիի և Վանաձորի երկուական, ինչպես նաև Հրազդանի մեկ մանկապարտեզում արդեն գործարկվել են 1-2 տարեկան երեխաների խմբեր։

Մայրաքաղաքում նախատեսվում է բացել նաև հանրապետությունում առաջին՝ 6-12 ամսական երեխաների խումբը։ Այդ նպատակով արդեն մշակվել են համապատասխան սննդի նորմատիվները։ Փորձնական ծրագրից ստացված արդյունքների հիման վրա նախատեսվել է հետագայում ընդլայնել վաղ մանկության ծառայությունների շրջանակը։ Կառավարության հաջորդ ծրագրով ծրագրվել է 1-2 տարեկան երեխաների համար մսուրային ծառայությունները հասանելի դարձնել խոշորացված համայնքներում, իսկ մայրաքաղաքում՝ վարչական շրջաններում։

ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացին՝ շեշտելով, որ սահմանված նվազագույն պայմանների պահպանումը պարտադիր է ինչպես մասնավոր, այնպես էլ համայնքային հաստատությունների համար։

Նրա տեղեկացմամբ՝ բազմաթիվ մանկապարտեզներ արդեն լիցենզիա են ստացել, սակայն որոշ հաստատություններում դեռ պահպանվել են փաստաթղթային և այլ բնույթի խնդիրներ։ Հաստատությունների ղեկավարներին հորդոր է ներկայացվել հետևողականորեն աշխատել առկա խնդիրների կարգավորման և լիցենզավորման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Կառավարության հաջորդ ծրագրի համար որպես թիրախ նախատեսվել է սահմանել 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության պարտադիր լինելը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Առանցքային փոփոխություններից մեկը վերաբերում է նախակրթարան հաճախելու համար սահմանված տարիքային շեմին։ Եթե նախկին կարգավորմամբ նախակրթարան հաճախելու հնարավորություն ունեցել են միայն 5-6 տարեկան երեխաները, ապա այժմ այն նախատեսվել է 4-6 տարեկանների համար։ Այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական ծառայությունը հասանելի չէ և մանկապարտեզ չկա, տարիքային շեմը սահմանվել է 3-6 տարեկանը։

Փոփոխությամբ նպատակ է դրվել ավելացնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը և ապահովել համապատասխան ծառայությունների հասանելիությունը։

Leave a comment