ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերաբերյալ ՔՊ խմբակցության պագամավորների հայտարարություններին։
«Երեկ այստեղ ՔՊ պատգամավորերից մեկը Համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայի եւ Ճապոնիայի գերիներին համեմատել էր Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս գերիների հետ։ Այդպիսի համեմատություն ու գնահատական մեկ էլ արել է Ալիեւը՝ մեղադրելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ֆաշիզմի մեջ։ Արցախցիները, Արցախի ղեկավարները պայքարել են իրենց հողում, հազարամյա իրենց հայրենիքում, պայքարել են իրենց ազատության, իրենց ինքնորոշման համար։ Եվ կռվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն ագրեսիայի է դիմնել Արցախի հանդեպ։ Չեք կարծո՞ւմ, որ մեր պայմանական գործընկերներն ինչ-որ շատ են ոգեւորվում եւ իրենց արդարացնելու կամ իրենց ճշմարտությունը հրամցնելու ժամանակ հաճախ անցնում են մարդկայնության, քաղաքակրթության, անմեղսունակության բոլոր սահմանները։ Համեմատել ֆաշիզմի շարքերում կռվածներին եւ իրենց երկրի համար կռվածներին, ուղղակի ամենավերջին անմեղսունակությունն է կամ շատ ավելի վատ բառ»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանին հարցրեց Աղվան Վարդանյանը։
Ի պատասխան Արեգա Հովսեփյանն ասաց․ «Պարոն Եղոյանը հարցնում էր՝ դուք կարո՞ղ էիք դիվանագիտական բանակցային գործընթացների ժամանակ կանգնել ու ասել՝ այս հողը հայկական է, այն հողը մեր հայրենիքն է։ Գիտեք, մինչեւ ձեր գալը կային մարդիկ, ովքեր ոչ միայն հայտարարում էին, ոչ միայն բանակցությունների ժամանակ ասում էին, որ այս կամ այն հողը հայկական է, այլ նաեւ գործով էին այդ հողը հայկական պահում։ Եվ նրանց մի մասն այսօր Ադրբեջանի բանտում է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: