«ԱՆԻՖ»-ի գործը ո՞ր փուլում է»․ ըստ Արթուր Սաքունցի, կոռուպցիայի դեմ պայքարը լճացել է Հայաստանում, պատճառը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի բացակայությունն է

Կոռուպցիայի ընկալման 46 համաթվով Հայաստանը 30-31-րդ տեղն է կիսում Եվրոպական խորհրդի երկրների մեջ։ Եվրոպական միության 27 երկրներից Հայաստանը լավ դիրքերում է միայն երեք երկրի նկատմամբ՝ Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա։

«Եթե մենք ունենք ԵՄ-ին ինտեգրվելու ձգտումներ, պետք է օրինակ վերցնենք ոչ թե ներքեւում գտնվող երկրներից, այլ ավելի վերեւում գտնվող երկրներից։ Սա կլինի լուրջ խնդիր մոտակա տարիների համար»,- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կազմակերպած՝ «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025․ գնահատականներ, մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ, ասաց կազմակերպության փորձագետ Վարուժան Հոկտանյանը։

Նրա գնահատմամբ կոռուպցիային վերաբերվող խնդիրների առումով Հայաստանի շրջապատը «բավական տխուր պատկեր ունի»․ «Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ցանկում Հայաստանը կիսում է 2-րդ եւ 3-րդ տեղերը Չեռնոգորիայի հետ։ Առաջին տեղում դարձյալ Վրաստանն է, բայց ասեմ, որ Վրաստանը բավական նահանջել է, նույնիսկ վիճակագրորեն բավական տեսանելի նահանջ է եղել՝ 53-ից 50 է նահանջել։ Վրաստանի դեպքում ասվում է, որ կան լուրջ խնդիրներ՝ թափանցիկության, օտարերկրյա գործակալների օրենքը եւ այլն, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է համարենք՝ մենք հանգիստ վիճակում ենք։ Եթե մյուսներից առաջ ենք, սա դեռ ոչինչ է ԵՄ երկրների հետ համեմատությամբ»։

Ըստ բանախոսի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» տարածաշրջանային կազմակերպության զեկույցում դրական է գնահատվում Հայաստանի՝ օրենսդրական առումով նախաձեռնությունները, կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը, բայց խնդիր կա այդ ամենի իրագործման մասով, ինչը ժամանակը ցույց կտա․ «Առայժմ ընկալումներն այնպիսինն են, որ այս ամենն այնպես չի աշխատում, ինչպես պետք է»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, ով ամենաշատն ու ամենաբարձրն է խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, Հայաստանում կոռուպցիայի մակարդակն ի՞նչ վիճակում է, փորձագետն ասաց՝ թե գիտական, թե էթիկական առումով կոռեկտ չէ միայն կոռուպցիայի ընկալման համաթվով դատողություններ անել կոռուպցիայի մակարդակի մասին։ Պնդեց՝ կոռուպցիայի մակարդակը հնարավոր չէ հաշվել ոչ մի երկրում։ Նա հստակեցրեց՝ իրենք հրապարակել են կոռուպցիայի ընկալման ցուցանիշներ, բայց դա բնավ էլ չի նշանակում, որ օրինակ, Դանիայում կոռուպցիայի մակարդակը ավելի քիչ է քան Սուդանում։ Իր գնահատմամբ, 2018-2019 թվականներին, օրինակ, Հայաստանում եղավ կոռուպցիայի մակարդակի ընկալման դրական միտում, բայց հետո լճացում ունեցանք եւ, հավանաբար, նույն իրավիճակն է նաեւ կոռուպցիայի հարթությունում։

Քննարկմանը հրավիրված դատախազության եւ ԱԺ ներկայացուցիչները չէին եկել։

«ԱՆԻՖ»-ի գործը ո՞ր փուլում է։ Փոխվարչապետը հետո դառնում է քաղաքապետ՝ գործը դեռ քննվում է։ Դե՛ կնքեք»,-իր վրդովմունքը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ ձեռքբերում է՝ կոռուպցիոն եղանակով ստացված գումարներն օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարում։ Նա նկատեց, որ ԱԺ-ում մինչեւ հիմա էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել։ Իսկ կառավարության անդամների եւ պատգամավորների ստացած մեծ պարգեւավճարների մասին էլ ասաց՝ տպավորություն է ստացվում, որ կարելի է պետական բյուջեից մեծ գումարներ ծախսել եւ հիմնավորումներ չներկայացնել։

Արթուր Սաքունցի կարծիքով, մեր հիմնական խնդիրն անպատժելիության հարցի լուծումն է եւ ունենք ընդդիմություն, որը համակարգային կոռուպցիայի կրողն է եղել, հիմա պայքարում է կոռուպցիայի դեմ։ Իր մեկնաբանությամբ՝ իրականում պայքարում են կոռուպցիոն լծակներին տիրանալու համար։ Նա հայտարարում է՝ կոռուպցիայի դեմ պայքարը լճացել է Հայաստանում եւ պատճառը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի բացակայությունն է։

Ի դեպ, Արթուր Սաքունցը արձանագրում է, որ Ուկրաինան Հայաստանից ավելի վատ վիճակում է կոռուպցիայի մակարդակի առումով։

Քննարկման մասնակիցների գնահատմամբ, Հայաստանում վերջին վարչարարությունների արդյունքում, բազմաթիվ ԱՁ-ներ են փակվել, մինչդեռ մարդիկ շարունակում են իրենց ծառայությունները մատուցել՝ այլ եղանակներով։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment