ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը (խոսքը ԱԺ նախկին պատըգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայր Էդիկ Մինասյանի մասին է–խմբ), իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում 4000 ԱՄՆ դոլար կաշառք»:
Նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասները՝ տեսանյութում։