Քաղաքականություն
18.08.2026 | 17:37
Ազգային ժողովում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Լուսինե Բադալյանը սովորում է բժշկական համալսարանի օրդինատուրայում, ինչպես նշված է «Վիքիպեդիայում»։
Պատգամավորը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ չունի բազային բժշկական կրթություն․ «Օրդինատուրայում ես չեմ սովորել, որովհետև ես չունեմ բժշկական կրթություն։ Սովորել եմ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայում («Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական ծրագիր)»։
Հարցերի մյուս շարքը վերաբերում էր 2020 թվականի պատերազմի օրերին Բադալյանի՝ Արցախ մեկնելուն, ինչը, ըստ Ղազարյանի, պատգամավորական պարտականությունների և ռազմական դրության իրավական ռեժիմի հնարավոր խախտում էր։ Բադալյանը շեշտեց, որ իրեն չի հետաքրքրել իրավական կողմը, երբ կար օգնության կարիք․ «Այդ պահին ինձ չի հետաքրքրել՝ ռազմական դրություն է, թե՝ ոչ։ Ես չեմ կարող զենք բռնել և կրակել, բայց գոնե կերակուր, սնունդ կամ ջուր կարող էի ինչ-որ տեղեր հասցնել»։
Երբ Ղազարյանը փորձեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր պաշտպանական շրջանում է պատգամավորը սնունդ մատակարարել, Բադալյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով․ «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»։
Անդրադառնալով ներկայիս իրավիճակին և Ղազարյանի հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է առաջիկայում այցելել Ստեփանակերտ, Լուսինե Բադալյանը տվեց կարճ պատասխան․ «Հնարավորության դեպքում, բնականաբար, չեմ բացառում»։
Մանրամասները՝ տեսնայութում։
Եվգենյա Համբարձումյան