«Նազելի Բաղդասարյանը բավականին հուզմունքով խոսեց գերիների վերադարձին առնչվող հարցից։ Հարց է, որ չի կարող չհուզել որևէ ՀՀ քաղաքացու և ՀՀ-ից դուրս ապրող որևէ հայի։ Մի թեթև մուննաթը, որ կար նրա խոսքում, անհասկանալի է․ ի վերջո, տիկին Բաղդասարյանի քաղաքական թիմի և նրա ղեկավարի իրականացրած գործունեության կամ անգործության հետևանքով է, որ մեր տղաները Բաքվի բանտում են հայտնվել, հիմա եկել՝ ո՞ւմ եք ինչ ասում։ Դեռ չեմ խոսում նաև անհետ կորած մեր հայրենակիցների մասին»,- ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Քննարկվում էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։
Խոսելով ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունից՝ Աննա Գրիգորյանը մտահոգություն հայտնեց․ «Եթե այդ մարդն ընդունել է ՔՊ կուսակցության խաչը, եթե ՔՊ համակիր է, իր իրավունքներն, ամենայն հավանականությամբ, պաշտպանվում են կամ գոնե ոտնահարված չեն։ Որ պահից այս նույն մարդը չի պաշտպանում իշխող քաղաքական ուժի հայացքները, նրանց հետ չի աշխատում, տեղում քաղաքական հալածյալի է վերածվում։ Նիկոլ Փաշինյանը կարող է ամբիոնից ասել՝ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ, բայց դա բացառապես այն մարդկանց է վերաբերվում, որոնք իր համակիրներն են, երբ պտտվում, տեսնում է՝ իր համակիրը չէ, ասում է՝ ինչո՞ւ չես զոհվել։ Երբ Հովիկ Աղազարյանը ձեր շարքերում էր, խնդիր չուներ, այն պահից, ինչ դուրս է եկել կամ հեռացրել եք ՔՊ խմբակցությունից, նրա մասնավոր կյանքը դարձավ նույնիսկ հանրային սեփականություն, նույնը տեղի է ունենում նաև համայնքապետերի հետ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: